ԱՄՆ բանակը կլուծարի այն ստորաբաժանումը, որը ուսումնասիրում էր ՌԴ–ի և Ուկրաինայի պատերազմում դրոնների կիրառման փորձը

ԱՄՆ բանակը ծրագրում է աստիճանաբար հրաժարվել մասնագիտացված ստորաբաժանումից, որը ուսումնասիրում էր արտասահմանյան պատերազմների փորձը, այդ թվում՝ անօդաչու համակարգերի կիրառումը ռուս-ուկրաինական պատերազմում, և ստացված դասերը ներդնում էր ամերիկացի զինվորականների պատրաստության մեջ։ Այս մասին հինգշաբթի The Hill-ին հայտնել է ԱՄՆ բանակի ներկայացուցիչը։

Հետևակային գումարտակը, որը հայտնի է որպես Unmanned Assault Battalion («անօդաչու գրոհային համակարգերի գումարտակ»), այս և հաջորդ ամիս կմասնակցի Գերմանիայում գտնվող Համատեղ բազմազգ մարտական պատրաստության կենտրոնում (Joint Multinational Readiness Center) անցկացվող զորավարժություններին։ Զորավարժությունների ավարտից հետո գումարտակը «կկենտրոնանա իր հիմնական մարտական խնդիրների կատարման վրա՝ որպես օդադեսանտային հետևակային գումարտակ, որը մտնում է շարժական բրիգադային մարտական խմբի (օդադեսանտային) կազմի մեջ», հայտնել է բանակի ներկայացուցիչը։

Ստորաբաժանումը մտնում է 173-րդ օդադեսանտային բրիգադի կազմի մեջ, որը թեթև հետևակային բրիգադային արագ արձագանքման մարտական խումբ է և տեղակայված է Իտալիայի Վիչենցա քաղաքում։

Այս ստորաբաժանման ստեղծումն ու զարգացումը աջակցում էր ԱՄՆ բանակի շտաբի նախկին պետ, գեներալ Ռենդի Ջորջը, որին այս տարվա սկզբին պաշտոնից ազատել էր ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարությունը՝ ԱՄՆ բանակի և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության աջակցությամբ, հետևակային գումարտակին հանձնարարել էր «փորձնական կարգով մշակել անօդաչու համակարգերի տակտիկական գումարտակի կիրառման հայեցակարգը», հայտնել է ներկայացուցիչը։

Ստորաբաժանումը նաև վայելում էր գեներալ Քրիս Դոնահյուի աջակցությունը, որը Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի նախկին հրամանատարն է։ Նրա՝ Հեգսեթի կողմից հուլիսին պաշտոնանկ արվելը պառակտում էր առաջացրել Կապիտոլիումի բլրի հանրապետական օրենսդիրների շրջանում։

Ստորաբաժանումը աստիճանաբար լուծարելու որոշումը քննադատության է ենթարկվել ռազմական փորձագետների կողմից։ Նրանք Ուկրաինան մատնանշում են որպես իրական «մարտական գործողությունների լաբորատորիա», որը թույլ է տալիս ուսումնասիրել, թե ինչպես են անօդաչուները փոխում ժամանակակից պատերազմի բնույթը։

«ԱՄՆ-ը հետ է մնում փոքր անօդաչուների ներդրման և տեղակայման հարցերում։ Թեև Պենտագոնը ծրագրում է լայնածավալ ներդրումներ փոքր դրոնների ոլորտում, միայն գնումները բավարար չեն այս բացը վերացնելու համար։ Կա վտանգ, որ ԱՄՆ բանակը կներդնի ոչ այն տեսակի անօդաչուներում կամ հնացած տեխնոլոգիաներում և չի սովորի դրանք արդյունավետ կիրառել մարտի դաշտում՝ հակազդեցության բարձր մակարդակի պայմաններում», — The Hill-ին հայտարարել է Սթեյսի Փեթիջոնը՝ Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի (CNAS) ավագ գիտաշխատողը և պաշտպանության ծրագրի տնօրենը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *