Տիգրանաշենում մարդիկ ունեն ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթեր. Գոհար Մելոյան (վիդեո)

«Տիգրանաշեն՝ ՀՀ գյուղ, թե՞ անկլավ։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի համաձայն՝ Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության գյուղերից է՝ Արարատ մարզի Արարատ համայնքի մաս։ Անգամ 2021 թվականի վերոնշյալ օրենքի այս իշխանության կողմից կատարված փոփոխություններով՝ Տիգրանաշենը որպես բնակավայր ներառվել է Արարատ խոշորացված համայնքի կազմում։

Այսինքն՝ այս իշխանությունն օրենսդրորեն ճանաչել է Տիգրանաշենը որպես Հայաստանի Հանրապետության տարածքի անբաժանելի մաս։ Այս հունիսի 7-ին Տիգրանաշենում՝ որպես ՀՀ տարածք, կազմակերպվել են ընտրություններ եւ տեղակայված է եղել 13/50 ընտրատեղամատը։ Տիգրանաշենում մարդիկ ունեն ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթեր, օրինակ՝ սեփականության վկայագրեր։

ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով։ Հետևաբար, առանց համապետական հանրաքվեի, Տիգրանաշենը չի կարող փոխանցվել Ադրբեջանին։

Այդ հարցով պետք է անցկացվի համապետական հանրաքվե, որի մասնակիցների մեծամասնությունը պետք է կողմ արտահայտվի տարածքի փոխանցմանը։ Առանց դրա՝ Տիգրանաշենի հանձնումը հանդիսանում է հակաիրավական ու հակասահմանադրական»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *