Ի՞նչ տեղի ունեցավ երեկ, և ինչո՞ւ ենք մենք ստիպված նորից վերադառնում ԱԺ 3 հանձնաժողովի նախագահների ընտրության հարցին։ Իմ ընկալումներում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պարզապես քաղաքական սաբոտաժի միջոցով փորձում է տապալել Ազգային ժողովի աշխատանքները և բնականոն գործունեությունը․ այսօր ԱԺ նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
«Այն, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր հանձնաժողովի նախագահի թեկնածուներ, ընդամենն «ԱԺ կանոնակարգ» օրենքի պահանջի կատարում էր, նաև Սահմանադրական դատարանի որոշման մեկնաբանություններով տրված պահանջ։ Ըստ որում՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, ոլորտային ուղղվածությունը նկատի ունենալով, առաջադրել էր, ըստ էության, լավագույն թեկնածուներին։ Բայց ՔՊ-ն որոշեց դեմ քվեարկել բոլոր թեկնածուներին, և ստիպեց մեզ նորից վերադառնալ այս հարցի քննարկմանը։ Օգոստոսի 2-ից մենք աշխատում ենք, արդեն 16-րդ նիստն է, և մենք դեռ չենք անցել մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող քաղաքական հարցերի քննարկմանը»,-ասաց Էդգար Ղազարյանը։
Նա նշեց, որ չի հասկանում այս ամենը ձգձգելու իմաստը․ «Սաբոտաժի իմաստը ո՞րն է։ Ընդ որում, կարծում եմ, որ սաբոտաժ է՝ ուղղված ոչ միայն Ազգային ժողովի բնականոն գործունեությանը, այլ նաև Կառավարության գործունեությանը»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորները երեկ ընտրել են մշտական հանձնաժոողովների նախագահներին, չեն ընտրվել միայն «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները։