Jpost․ Իսրայելը և Թուրքիան պատրաստվում են բախմա՞ն Սիրիայում

Հռետորաբանությունը մի բան է, իրական գործողությունները՝ մեկ այլ։ Իսրայելի հարվածը սիրիական ավիաբազային մեծացնում է լարվածությունը տարածաշրջանի ռազմական առումով առավել հզոր երկու պետությունների միջև, սակայն ուղիղ պատերազմի մասին խոսել դեռ վաղ է։

Սիրիային Իսրայելի հասցրած վերջին ավիահարվածը դարձել է Իսրայելի և Թուրքիայի միջև ավելի լայն դիմակայության մասը՝ 2024 թվականի դեկտեմբերին Բաշար Ասադի անկումից հետո երկրի ապագայի հետ կապված։ Իսրայելի որոշ պաշտոնյաներ արդեն չեն բացառում ապագայում Թուրքիայի հետ բախման հնարավորությունը հենց սիրիական տարածքում, գրել է Jpost-ը։

Իսրայելում ավելի ու ավելի հաճախ են հնչում հնարավոր պատերազմի կանխատեսումներ՝ կամ հենց Սիրիայի, կամ միաժամանակ Սիրիայի և Թուրքիայի հետ։ Պատճառը Ահմեդ աշ-Շարաայի գլխավորած նոր սիրիական կառավարության ուժեղացումն է, որն Իսրայելն ընկալում է որպես պոտենցիալ սպառնալիք։

Իսրայելում սիրիական իշխանությունների քննադատները նրանց անվանում են «ջիհադականներ» և ուշադրություն են հրավիրում Դամասկոսի ու Անկարայի սերտ հարաբերությունների վրա։ Քանի որ Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (AKP) պատմական կապեր ունի «Մուսուլման եղբայրներ» շարժման հետ, Իսրայելում աստիճանաբար ձևավորվում է պատկերացում հնարավոր «սուննիական դաշինքի» մասին, որը կարող է փոխարինել իրանական նախկին ազդեցության առանցքին։

Սակայն հռետորաբանությունը նույնը չէ, ինչ ռազմական գործողությունները։

Իսրայելը տարիներ շարունակ հարվածներ է հասցնում Սիրիային

Իսրայելի հարվածները Սիրիային նոր երևույթ չեն։ Դեռևս Ասադի անկումից առաջ Իսրայելը երկրի տարածքին հասցրել էր հազարավոր ավիահարվածներ՝ այսպես կոչված «Պատերազմների միջև արշավի» շրջանակում։

Հիմնական նպատակը Սիրիայում Իրանի ռազմական ներկայության ամրապնդումը և զենքի հանձնումը լիբանանյան «Հեզբոլլահին» կանխելն էր։

Սակայն այս արշավի փորձը ցույց տվեց միայն ավիացիայի սահմանափակումները․ հարվածները չկարողացան ամբողջությամբ կանգնեցնել Սիրիայի միջոցով զենքի մաքսանենգությունը, այլ միայն նվազեցրին սպառնալիքի մակարդակը։

Ասադի անկումից հետո Իսրայելը փաստացի շարունակեց նույն քաղաքականությունը։ Դամասկոսի նոր կառավարության հետ հարաբերություններ հաստատելու փոխարեն Թել Ավիվը շարունակեց հարվածներ հասցնել սիրիական օբյեկտներին և ընդլայնեց ցամաքային ներկայությունը սահմանամերձ բուֆերային գոտում։

2025 թվականին իրավիճակն ավելի բարդացավ։ Իսրայելը հայտարարեց, որ մտադիր է պաշտպանել Սիրիայի հարավում գտնվող դրուզ փոքրամասնությանը։ Սա, իր հերթին, որոշ դրուզ առաջնորդների ստիպեց մտածել Էս-Սուվեյդայի շրջանում սեփական պետություն ստեղծելու մասին։

Սակայն այդ գաղափարը ձեռնտու չէ ոչ Դամասկոսին, ոչ Ամանին, ոչ էլ այլ տարածաշրջանային ուժերին։ Արդյունքում՝ Իսրայելի քաղաքականությունը Սիրիայում աստիճանաբար ընդլայնվեց՝ Իրանի դեմ պայքարից անցնելով նոր սիրիական կառավարության հակազդմանը և դրուզների աջակցությանը։ Այժմ վտանգ կա, որ հաջորդ փուլը կդառնան Թուրքիայի հետ ուղիղ բախումները։

Ասադի անկումից հետո Թուրքիան դարձավ Դամասկոսի նոր կառավարության գլխավոր արտաքին հովանավորներից մեկը։

Անկարան Սիրիային տրամադրում է ռազմական պատրաստություն, սարքավորումներ և լոգիստիկ աջակցություն՝ օգնելով վերականգնել պատերազմի հետևանքով քայքայված պետական ինստիտուտները։

Իշխանափոխությունից հետո Անկարան արագ սերտ հարաբերություններ հաստատեց Ահմեդ աշ-Շարաայի հետ։ Թուրքիայի ռազմավարությանն աջակցեցին Սաուդյան Արաբիան, Կատարը և այլ պետություններ։ Արդյունքում՝ նոր սիրիական ղեկավարությունը աջակցություն ստացավ նաև Դոնալդ Թրամփի վարչակազմից։

Իսրայելի համար խնդիրն այն է, որ Թուրքիան կարող է օգնել Սիրիային ոչ միայն վերականգնել պետական կառույցները, այլև ստեղծել լիարժեք ռազմական ենթակառուցվածք։

Առանձնապես անհանգստացնում են ռազմավարական օբյեկտները, այդ թվում ավիաբազաները։

Հենց այդ պատճառով Աբու-էդ-Դուհուր ավիաբազային հասցված իսրայելական հարվածը դիտարկվում է որպես նախազգուշացում Անկարային։

Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարեց, որ Իսրայելը և Սիրիան պայմանավորվել են պահպանել անվտանգության ոլորտում գոյություն ունեցող «ստատուս-քվոն», սակայն Դամասկոսը, իբր, հայտնվել է դրա խախտման շեմին՝ թույլ տալով թուրք զինծառայողներ տեղակայել Հալեպից ոչ հեռու գտնվող ավիաբազայում։

Իսրայելը պնդում է, որ բազմիցս զգուշացրել է Սիրիային նման տեղակայման անթույլատրելիության մասին։

Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը այցելել է Սիրիայում գտնվող իսրայելական անվտանգության գոտի և հայտարարել, որ Իսրայելը ուշադիր հետևում է տեղի ունեցողին։

Նրա խոսքով՝ Իսրայելը «թույլ չի տա թշնամական ուժերին ամրապնդվել իր սահմանների մոտ» և կօգտագործի իր օպերատիվ հնարավորությունները այնտեղ և այն ժամանակ, որտեղ դա անհրաժեշտ կլինի։

Գլխավոր խնդիրը, ընդգծել է Զամիրը, «ահաբեկչական սպառնալիքների և լուրջ ռազմական սպառնալիքի ձևավորման կանխումն է անմիջապես Իսրայելի սահմանի մոտ»։

Սա համապատասխանում է հոկտեմբերի 7-ից հետո Իսրայելի ավելի լայն ռազմավարությանը՝ Գազայում, Լիբանանում և Սիրիայում բուֆերային գոտիներ ստեղծելու վերաբերյալ։

Առայժմ Թուրքիան հեռու է Գոլանի բարձունքներից։ Սակայն Իսրայելը Անկարային հասկացնում է, որ մտադիր չէ համակերպվել Սիրիայում ևս մեկ խոշոր օտարերկրյա ռազմական ուժի հայտնվելու հետ։

Թուրքիան, իր հերթին, Իսրայելի հետ ուղիղ հակամարտության մեջ մտնելու ցանկություն չի ցուցաբերում։

Թուրքական լրատվամիջոցները իսրայելական հարվածը կապում են նաև Իսրայելի ներքին քաղաքականության և առաջիկա ընտրությունների հետ։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շարունակում է մնալ Անկարայի առանցքային ներկայացուցիչներից մեկը Իսրայելի հետ հարաբերությունների հարցերում։

Թուրքիան նաև շարունակում է խիստ դիրքորոշում ունենալ Գազայի հարցում։ Ֆիդանը նախազգուշացրել էր Իսրայելին, որ Թուրքիան, Կատարը և Եգիպտոսը կարող են դիմել «արմատական միջոցների», եթե Իսրայելը փորձի տապալել Գազայի վերաբերյալ համաձայնագիրը։

Այսպիսով, երկու երկրների միջև դիմակայությունը վաղուց դուրս է գալիս միայն Սիրիայի շրջանակներից։

Իսրայելում որոշ քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ արդեն Թուրքիան անվանում են «նոր Իրան»։

Պատճառներն ակնհայտ են․ Անկարան ունի ՆԱՏՕ ամենախոշոր բանակներից մեկը, ակտիվորեն գործում է իր սահմաններից դուրս և ունի ռազմական օբյեկտներ ու զորախմբեր ոչ միայն Սիրիայում, այլև Կատարում և Սոմալիում։

Միևնույն ժամանակ, Թուրքիան և Իսրայելը հակամարտությունների երկար պատմություն ունեն։

Այսօր երկու կողմերն էլ տարածաշրջանը դիտարկում են սկզբունքորեն տարբեր պրիզմաներով։

Իսրայելը ձգտում է թույլ չտալ, որ Սիրիայում հայտնվի որևէ ուժ, որը կկարողանա սահմանափակել իր գործողությունների ազատությունը։ Իսկ Թուրքիան, ընդհակառակը, ձգտում է ամրապնդել իր ազդեցությունը Սիրիայում և օգնել Դամասկոսին ստեղծել գործուն բանակ։

Հնարավո՞ր է արդյոք Իսրայելի և Թուրքիայի պատերազմը

Առայժմ ուղիղ հակամարտություն ոչ ոք չի ուզում։

Թուրքիան գործում է զգուշորեն և շահագրգռված չէ Իսրայելի հետ պատերազմով։ Դամասկոսը նույնպես չի ձգտում առճակատման։ ԱՄՆ-ը փորձում է պահպանել հարաբերությունները միաժամանակ Իսրայելի, Թուրքիայի և սիրիական նորղեկավարության հետ։

Բայց խնդիրն այն է, որ Սիրիայում երկու երկրների շահերը դառնում են ավելի քիչ համատեղելի։

Իսրայելը ցանկանում է պահպանել սիրիական օդային տարածքում գործողությունների ազատությունը և կանխել ցանկացած օտարերկրյա զինված ուժերի ամրապնդումը։ Թուրքիան ցանկանում է ընդլայնել սեփական ազդեցությունը և օգնել սիրիական բանակի վերականգնմանը։

Առանցքային հարցն այն է, թե որտեղով կանցնի այս երկու ազդեցության գոտիների սահմանը։

Քանի դեռ Թուրքիան չի մոտեցել Գոլանին, ուղիղ ռազմական բախումից կարելի է խուսափել։ Բայց եթե Անկարան սկսի Սիրիայում խոշոր ռազմական ենթակառուցվածք ստեղծել, Իսրայելը կարող է փորձել այն ոչնչացնել։

Հենց այստեղ էլ առաջանում է ամենավտանգավոր սցենարը․ Իսրայելը հարվածներ կհասցնի օբյեկտների, որոնք Թուրքիան համարում է իր ռազմավարական ենթակառուցվածքի մաս, իսկ Անկարան ինչ-որ պահի կարող է որոշել, որ այլևս չի կարող կողքից դիտել։

Այսպիսի սցենարի կանխման գործում գլխավոր դեր կարող է խաղալ ԱՄՆ-ը։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքն արդեն քննադատել է Աբու-էդ-Դուհուր ավիաբազային հասցված իսրայելական հարվածը՝ այն անվանելով «անհարկի էսկալացիա», որը չի նպաստում տարածաշրջանային կայունությանը։

Նրա խոսքով՝ սիրիական նոր կառավարությունն ագրեսիվ վարքագիծ չի դրսևորում և բազմիցս հայտարարել է Իսրայելի հետ հարաբերություններում դեէսկալացիայի ձգտման մասին։

Վաշինգտոնը կարծում է, որ զսպվածությունն ու դիվանագիտական փոխգործակցությունն ավելի կառուցողական ուղի են, քան նոր ռազմական միջադեպերը։

Բայց ԱՄՆ հնարավորությունները սահմանափակ են․ Վաշինգտոնը միաժամանակ զբաղվում է Իրանով, Գազայով, Լիբանանով և Մերձավոր Արևելքի այլ ճգնաժամերով։

Ուստի, այս փուլում ամենահավանական սցենարը Իսրայելի և Թուրքիայի անմիջական պատերազմը չէ, այլ Սիրիայում ազդեցության համար վտանգավոր պայքարը, որտեղ յուրաքանչյուր նոր ռազմական օբյեկտ, ավիաբազա կամ օտարերկրյա զորախումբ կարող է դառնալ էսկալացիայի հաջորդ փուլի պատճառ։

Եվ եթե Թուրքիան իսկապես սկսի Սիրիայում իր ներկայությունը քաղաքական ազդեցությունից վերածել լիարժեք ռազմական ենթակառուցվածքի, Իսրայելի հետ ուղիղ բախման հավանականությունը զգալիորեն կաճի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *