«Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանի կինը․ Գործն ամբողջությամբ շինծու է, սա քաղաքական հետապնդում է

Ընդդիմադիր «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու կալանավորումը բացառապես քաղաքական բնույթ ունեն և ուղղված են նրա հասարակական-քաղաքական գործունեությունը խոչընդոտելուն։ Այս մասին դատարանի շենքի մոտ օգոստոսի 21-ին նախաձեռնության ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտնել է կալանավորված համակարգողի կինը՝ Անահիտ Ադամյանը։

Նա ընդգծել է, որ պաշտպանության կողմը կալանքի ժամկետի երկարաձգումն ու խափանման միջոցը համարում է բացարձակապես անօրինական։

«Մենք կարծում ենք, որ այս քրեական գործն ամբողջությամբ շինծու է, իսկ կալանքի երկարաձգումն անօրինական է։ Այսօր երկրում հարյուրավոր քաղաքացիների նկատմամբ գործեր են հարուցվել քաղաքական դրդապատճառներով։ Ամուսնուս գործում որևէ իրական մասնագիտական կամ իրավական բաղադրիչ չկա․ ամեն ինչ հիմնված է իշխանությունների քաղաքական պատվերի վրա։ Չնայած այս անօրինական գործողություններին, տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակմանը, մեր նպատակը մնում է անփոփոխ՝ մինչև վերջ հասցնել սկսված ծրագրերն ու «Հայաքվե» նախաձեռնությունը»,- հայտարարել է Անահիտ Ադամյանը։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը կալանավորվել էր հունիսի 24-ին, ընտրություններում Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությանը խոչընդոտելու փորձի մեղադրանքով։ Ավելի վաղ՝ ապրիլի վերջին, «Հայաքվե» նախաձեռնությունը միացել էր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ գործող իշխանությունը փոխելու համար ջանքերը միավորելու նպատակով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *