Ռումինացի հայտնի կատակերգու դերասան և վերջերս «Ունիվերսիտատեա Կրայովայի» բաժնետեր դարձած 46-ամյա Միհայ Բոբոնետեն մեկնաբանել է Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիայի» հետ գրանցված 1-1 հաշվով ոչ-ոքին։
Բոբոնետեն ներկա է եղել «Իոն Օբլեմենկո» մարզադաշտում և խաղին հետևել է VIP օթյակից՝ ակումբի գլխավոր բաժնետիրոջ հետ միասին։ Չնայած ռումինական թիմի համար ոչ այնքան շահավետ արդյունքին՝ նորաթուխ բաժնետերը համոզված է, որ «Կրայովան» կկարողանա բեկել դիմակայության ընթացքը։ Նա առանձնահատուկ խոսել է նաև Նիկուշոր Բանկուի մասին, որը 33-րդ րոպեին խփել է իր թիմի պատասխան գնդակը։
«Ստեղծված պայմաններում արդյունքը լավն է, կարծում եմ՝ Երևանում կհաղթենք նրանց։ Ինձ թվում է՝ սա մեր վերջին հինգ հանդիպումների լավագույն մեկնարկներից մեկն էր, և ես գոհ եմ խաղից։ Ինչ վերաբերում է երկրպագուների կողմից Բայարամին սուլելուն, ապա ես ուշադրություն չեմ դարձրել և չեմ լսել դա։
Կարծում եմ՝ պատասխան խաղում՝ Երևանում, մենք կհաղթենք նրանց։ Իմ ընկեր Նիկուշոր Բանկուն գոլ խփեց, ում հետ այսօր խաղից առաջ զրուցել էի։ Նա ասաց, որ «կկրակի» ինձ, և իսկապես «կրակեց» ու զարմացրեց ինձ։ Շատ ուրախ եմ նրա համար։ Եթե նա երկրորդ գոլն էլ խփեր, նրան կդարձնեի ոսկե հարսանիքիս քավորը»,- մարզադաշտից հեռանալիս կատակել է դերասանը։
Հիշեցնենք, որ Միհայ Բոբոնետեն «Ունիվերսիտատեա Կրայովայի» փոքրամասնական բաժնետեր դառնալու մասին հայտարարել էր թիմի նախորդ եվրագավաթային տնային խաղի ժամանակ, երբ ռումինացիները մրցում էին ֆիննական «ԿուՊՍի» հետ։ Իր նպատակների մասին նա նշել էր. «Իմ գլխավոր նպատակն այն սիրո մի մասը, որն ինձ տալիս են իմ երկրպագուները, դեպի «Ունիվերսիտատեա Կրայովա» ուղղելն է։ Իրականում, հենց դա է այստեղ գալուս բուն իմաստը»։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղի սկիզբը նախատեսված է ժամը 20:00-ին։