Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիի ձեռագիր գրառումների հազվագյուտ հավաքածուն Մումբայի աճուրդում վաճառվել է 1,69 մլն դոլարով, հայտնել է BBC-ն։
Հավաքածուն պատկանել է Անանդ Թ. Հինգորանիի՝ Գանդիի մերձավոր համախոհի և Հնդկաստանի անկախության համար պայքարի մասնակցի ընտանիքին։ Այն ներառում էր Գանդիի ձեռքով գրված 688 ուղերձ՝ ճշմարտության, ազատության և ինքնատիրապետման մասին, որոնք ստեղծվել են 1944-1946 թվականներին։
Saffronart աճուրդի տունը հայտարարել է, որ այս վաճառքով սահմանվել է աճուրդում երբևէ վաճառված հնդկական պատմական փաստաթղթի արժեքի ռեկորդ։
Գանդին գլխավորել է Հնդկաստանի ոչ բռնի պայքարը բրիտանական գաղութային իշխանության դեմ և համարվում է երկրի գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Սակայն այս գրառումները հնարավորություն են տալիս նրան տեսնել ոչ միայն որպես քաղաքական առաջնորդ, այլև որպես մարդ՝ մտերիմ ընկերոջ հետ անձնական շփման մեջ։
Գանդին շուրջ երկու տարի գրել է Հինգորանիին նրա կնոջ՝ Վիդյայի մահից հետո՝ առաջարկելով նրան աջակցություն, մխիթարություն և խորհուրդներ։ Ավելի ուշ այդ ուղերձները հավաքվել են «Միտք ամեն օրվա համար» (A Thought for the Day) գրքում։
Saffronart-ի համահիմնադիր Դինեշ Վազիրանին նշել է, որ հավաքածուն հնարավորություն է տալիս տեսնել Գանդիին «մտերիմ, անձնական հարաբերությունների պրիզմայով»։

«Գանդի. Անանդ Թ. Հինգորանիի հավաքածուից» աճուրդը ներառում էր 86 լոտ։ Բացի ձեռագրերից, վաճառքի էին հանվել նամակներ, լուսանկարներ, փաստաթղթեր և անձնական իրեր, որոնք Հինգորանիի ընտանիքը պահպանել էր մի քանի սերունդների ընթացքում։
Հավաքածուն ընդգրկում է ավելի քան երկու տասնամյակ և արտացոլում է ինչպես Հնդկաստանի անկախության համար մղված պայքարի կարևոր իրադարձությունները, այնպես էլ Գանդիի և Հինգորանիի երկարամյա ընկերությունը։
Այլ լոտերի թվում էին Գանդիի գրառումները Աստծո և հինդուիստական սուրբ գրքի՝ «Բհագավադ-գիտայի» մասին, նրա շարժական մանող անիվը, ինչպես նաև մանելու հոգևոր նշանակության մասին երկու նամակ։
Ձեռագրերի գնորդի անունը Saffronart-ը չի բացահայտել։ Միևնույն ժամանակ, աճուրդի տունը հայտնել է, որ հավաքածուն կմնա Հնդկաստանում։