Լեհաստանի ոստիկանությունը ձերբակալել է 23-ամյա մի տղամարդու, որին կասկածում են լեհ բարձրաստիճան քաղաքական գործիչների սպանության կոչեր անելու մեջ, հայտնել է Կիբեռհանցավորության դեմ պայքարի կենտրոնական բյուրոն։
Իրավապահները համացանցային հարթակներից մեկում հայտնաբերել են հրապարակում՝ մի քանի անձանց «վերացնելու» կոչով և լեհ առաջատար քաղաքական գործիչների դեմ մահափորձ կազմակերպելու առաջարկով, նշվել է գերատեսչության հայտարարության մեջ։
Հաղորդագրությունը հրապարակվել էր հրազենի թեմային նվիրված բաժնում։ Իշխանությունները չեն հստակեցրել, թե կոնկրետ որ քաղաքական գործիչները կարող էին լինել ենթադրյալ հարձակման թիրախ։
Դատախազությունը տղամարդուն մեղադրանք է առաջադրել այնպիսի գործողությունների համար, որոնք ուղղված են ցեղասպանության հետ անմիջականորեն կապված արարքի կատարման համար պայմաններ ստեղծելուն, խաղաղության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և ռազմական հանցագործությունների նախապատրաստմանը, ինչպես նաև հանցագործություն կատարելու հրապարակային դրդմանը։
Ենթադրվող հանցագործությունների վերաբերյալ դատախազությունը լրացուցիչ մանրամասներ չի հայտնել։
Կասկածյալը, որը բնակվում է Լեհաստանի արևելքում գտնվող Լյուբլինի վոյեվոդությունում, դատարանի որոշմամբ 30 օրով կալանավորվել է։ Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։