Դուք բարձրացրել եք կենսաթոշակները 21 տոկոսով։ Բայց ինչո՞ւ չեք ասում մեր ժողովրդին, որ կուտակված գնաճն այսօրվա դրությամբ կազմում է 29 տոկոս։ Այս մասին օգոստոսի 21-ին Ազգային ժողովի նիստում, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտնել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։
«Այսինքն՝ կենսաթոշակն իսկապե՞ս ավելացել է, թե՞ մարդկանց վիճակը, հակառակը, ևս 8 տոկոսով վատթարացել է», – ասել է Ֆարմանյանը։
Պատգամավորը հայտնել է, որ գործող իշխանության քաղաքականության հետևանքով ժողովուրդը հայտնվել է ծանր վիճակում։ Նա, մասնավորապես, հիշատակել է Ռուսաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակումները։
«Սա ձեր վարած հակահայկական քաղաքականության արդյունքն է», – ընդգծել է խորհրդարանականը։
Նա անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին, որոնք, պատգամավորի կարծիքով, Հայաստանի գործող իշխանությունները տապալել են։
«Երբ 2026 թվականի մայիսին Զելենսկին ժամանեց Հայաստան և մի շարք հակառուսական հայտարարություններ արեց, ձեզնից գոնե մեկն ասա՞ց, որ դա կարող է վնասել մեր շահերին։ Զելենսկին նաև հայտարարեց, որ Ռուսաստանի նկատմամբ ճնշումը պետք է ուժեղացվի։ Մի՞թե դա չի վնասում հայկական շահերին», – ասել է Ֆարմանյանը՝ հարցերն ուղղելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին։