Չինաստանում հանքերը դառնում են այգիներ, բրնձի դաշտերը` կերպարվեստի գլուխգործոցներ

Չինաստանում Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում, որտեղ ածխի արդյունահանումը հսկայական ծավալների է հասնում ողջ երկրի մասշտաբով, նախկին հանքավայրերի տարածքները էկոլոգիական վերափոխման աննախադեպ ճանապարհ են անցնում նորից պիտանի դառնալով գյուղատնտեսության համար։ Այս վերափոխման վառ օրինակը Ջունգար Բանների ածխի հանքի վերականգնման բազան է, որը ցույց է տալիս, թե ինչպես նախկին հանքարդյունաբերական տարածքները և գյուղատնտեսական լանդշաֆտները կարող են վերածվել շրջակա միջավայրի վերականգնման, գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման վայրերի և զբոսաշրջային ուղղությունների։ Տևական ժամանակ Ածխի արդյունահանման համար օգտագործված տարածքների վերականգնման այս ծրագիրը հստակ ուղերձ ունի հանքարդյունաբերության միջոցով ձևավորված լանդշաֆտները կարող են վերականգնվել և նոր կյանք ստանալ։ Վերականգնողական այս բազայում արդեն հարյուրավոր հեկտարների հասնող այգիներ են խնձորի, տանձի, խաղողի և բազում այլ մշակաբույսերի։ Ավելին ստացված բերքը կից կառուցված գործարաններում վերածվում է հյութի և գինու, ինչն արտադրական շղթայի նոր օղակ է ստեղծում սոցիալ-տնտեսական զարգացման լրացուցիչ հնարավորություններ ստեղծելով տեղի բիզնեսի և բնակչության համար։ Չինաստանի մեծությամբ երկրորդ Դեղին գետի հովտում գտնվող բրնձի դաշտերն ու ձկների ֆերման գյուղատնտեսության վերափոխման մեկ այլ տպավորիչ օրինակ է։ Այս տարածքի հողերը նախկինում պիտանի չեն եղել մշակաբույսերի աճեցման համար ուժեղ աղակալման պատճառով։ Տեխնոլոգիաներն ու հնարամտությունը, սակայն, օգնության են հասել ֆերմերներին. խնդիրը լուծվել է, և այս տարածքում այժմ բրնձի ընդարձակ դաշտեր են։ Ավելին ոչ միայն բարեհաջող բրինձ է աճեցվում, այլև դաշտերի ջրային ավազանում ձկներ, խեցգետիններ և այլ կենդանիներ են պահվում։ Վերջինները մի կողմից օգնում են պայքարել մոլախոտերի և վնասատուների դեմ, մյուս կողմից դրանց թողած թափոնները սննդանյութեր են ապահովում բրնձի համար։ Ուստի, ձկնաբուծությունը բրնձի մշակման հետ համատեղելով ստեղծվել է գյուղատնտեսական յուրահատուկ լանդշաֆտ, որը և՛ մեծ արդյունք է ապահովում, և ապշեցնում իր տեսքով։ Այգու ամենանշանակալի տեսարժան վայրերից մեկը բրնձի գունագեղ դաշտերի գեղարվեստական աշխատանքներն են։ Տարբեր գույների բրնձի սածիլները այնպիսի ճշգրտությամբ են տնկվել և մշակվել, որ դաշտը կերպարվեստի յուրօրինակ գլուխգործոցի է վերածվել. հատուկ այդ նպատակով կառուցված բարձր դիտաշտարակից նայելիս հիասքանչ տեսարան է բացվում բրնձի բույսերը, միաձուլվելով իրար, նկարչական ճշգրտությամբ ստեղծում են գունագեղ ու բարդ պատկերներ և նախշեր, որոնք սովորական գյուղատնտեսական հողը վերածում են տպավորիչ կենդանի կտավի։ Արդյունքը գյուղատնտեսության, էկոլոգիական ստեղծագործականության և գյուղական տուրիզմի եզակի համադրությունն է։ Բրնձի մշակման և ձկնաբուծության համակցված համակարգը նոր չափում է հաղորդում այս փորձառությանը։ Այս երկուսն ինտեգրված են գյուղատնտեսական նույն միջավայրում՝ ստեղծելով արդյունավետ լանդշաֆտ` միաժամանակ այցելուներին հնարավորություն տալով ծանոթանալ էկոլոգիական գյուղատնտեսության ավանդական և ժամանակակից մոտեցումներին։

Հայկ Սահակյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *