30,000 դրամ տուգանքից մինչև 2 տարի ազատազրկում. ի՞նչ է սպասվում ինքնակամ կառույցների սեփականատերերին օգոստոսի 30-ից

Հայաստանում օգոստոսի 30-ից ուժի մեջ են մտնում Օրենսգրքի էական փոփոխություններ, որոնք արմատապես փոխում են ինքնակամ կառույցների, ապօրինի շինարարության և դրանց քանդման հետ կապված իրավակարգավորումները։ BanksNews.am-ն ուսումնասիրել է հիմնական կարգավորումները:

1. Դադարեցված շինարարությունը շարունակելը՝ քրեորեն պատժելի արարք

Մինչ այժմ համայնքի կողմից շինարարության կանգնեցումը լուծվում էր վարչական հարթությունում: Օգոստոսի 30-ից Քրեական օրենսգիրքը լրացվում է նոր՝ 448.1-րդ հոդվածով:

  • Երբ է կիրառվում. Եթե համայնքը դադարեցրել է աշխատանքները (առանց թույլտվության, խախտումներով կամ նպատակային նշանակության խախտման պատճառով), և անձը մեկ տարվա ընթացքում կրկնում է նույն արարքը պատասխանատվության ենթարկվելուց հետո:
  • Նախատեսված պատիժները.
  1. Տուգանք՝ 10,000-ից 30,000 դրամ (տասնապատիկից երեսնապատիկի չափով),
  2. Հանրային աշխատանքներ՝ 100-ից 200 ժամ,
  3. Ազատության սահմանափակում՝ առավելագույնը 3 տարի,
  4. Կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը 2 ամիս,
  5. Ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

2. Քանդում՝ 1 ամսում և սեփական միջոցներով. դատարանի դուռը փակվում է

Մասնավոր հողամասերում գտնվող չօրինականացված ինքնակամ շինությունները, ինչպես նաև բնակարաններին կից ապօրինի կառույցները ենթակա են քանդման սեփականատիրոջ հաշվին:

  • Ժամկետ. Համայնքի ղեկավարի գրավոր պահանջը ստանալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում:
  • Արգելանքների վերացում. Համայնքային և պետական հողերում ինքնակամ կառույցների քանդումն արգելող դատական ապահովման միջոցներն ավտոմատ վերացվում են օգոստոսի 30-ից:

3. Օրինականացման պատուհանները, ժամկետներն ու գները

Չնայած խստացումներին՝ օրենքը թողնում է օրինականացման հնարավորություն.

  • Մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը. Կադաստրի կոմիտե կարող են ներկայացվել հաշվառման փաստաթղթերը (եթե կառույցն առկա է 2021թ. օրթոֆոտոհատակագծերում):
  • Մինչև 2027թ. դեկտեմբերի 30-ը. Մասնավոր հողամասերում գտնվող կառույցները կարող են ընդգրկվել Կառավարության օրինականացման ցանկում:
Կառույցի տեսակը Օրինականացման վճարը (1 քմ-ի համար)
Բնակելի տուն և այգետնակ 10,000 դրամ (բազային տուրքի 10-ապատիկ)
Հասարակական նշանակության 20,000 դրամ (բազային տուրքի 20-ապատիկ)
Արտադրական նշանակության 15,000 դրամ (բազային տուրքի 15-ապատիկ)
Բնակարանին կից կառույց (պատշգամբ, սենյակ) 3,000 դրամ (բազային տուրքի 3-ապատիկ)

 Համայնքի ղեկավարը որոշում է կայացնում 30 օրում: Վճարումը չկատարելու դեպքում որոշումն ուժը կորցնում է 60 օրում, ընդ որում՝ աննպատակահարմարության պատճառաբանությամբ մերժումն արգելված է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *