Քաջարանը 68 տարեկան է. հանդիսավորությամբ նշվել է քաղաքի օրը

Օգոստոսի 22-ին Քաջարանը հանդիսավորությամբ նշում է  քաղաքի օրը։ Տոնական բազմաբնույթ միջոցառումներին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, համայնքային իշխանությունները, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը, մարզի համայնքների ներկայացուցիչներ,  հյուրեր։

Օրվա առանցքային իրադարձություններից էր «Քաջարանի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հանդիսավոր բացման արարողությունը։ ՀՀ կառավարություն-համայնք-ԶՊՄԿ համաներդրմամբ իրականացված սուբվենցիոն ծրագրի արդյունքում կառուցվել է 120 երեխայի համար նախատեսված նոր նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ նախկին, շահագործման համար այլևս ոչ նպատակահարմար շենքի տարածքում։

Շինարարության ընդհանուր արժեքը 544 միլիոն դրամ է, որի 80 տոկոսը հատկացվել է ՀՀ պետբյուջեից։

Քաջարանի մշակույթի պալատում կայացած հանդիսավոր նիստի ընթացքում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ջերմորեն շնորհավորել է քաջարանցիներին քաղաքի տոնի առթիվ՝ ընդգծելով համայնքի յուրահատուկ դիմագիծն ու դրանում բնակիչների ավանդը․

«Այստեղ հիմնվեց քաղաք, և քաջարանցիները 68 տարիների ընթացքում ապացուցեցին, որ կերտել են իրենց ուրույն ձեռագիրը ու կերտել են այն նախևառաջ աշխատասիրությամբ, խիզախությամբ, հայրենասիրությամբ, մշակույթով, արվեստով… Ընդամենը 68 տարեկան քաղաքը կարողանում է այսօր իր բոլոր դրական կողմերով առանձնանալ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *