Իրանն ավարտել է Օմանի հետ արտոնյալ առևտրի համաձայնագրի վարչական ընթացակարգերը և փաստաթուղթն ուղարկել խորհրդարան՝ վերջնական քննարկման, հաղորդել է Tehran Times-ը։
Ակնկալվում է, որ պատգամավորները համաձայնագիրը կքննարկեն արդեն հաջորդ ամիս, հայտնել է Իրանի Առևտրի խթանման կազմակերպության Արևմտյան Ասիայի վարչության տնօրեն Աբդոլամիր Ռաբիխավին։
Նրա խոսքով՝ վերջին երկու տարում Իրանը զգալի առաջընթաց է գրանցել առևտրային դիվանագիտության, ինչպես նաև տարածաշրջանի երկրների հետ սահմանային և նավահանգստային ենթակառուցվածքի զարգացման ոլորտում։ Թեհրանը մտադիր է պարզեցնել և ընդլայնել հարևան պետությունների հետ առևտրային փոխանակումները։
Իրանը և Օմանը նաև ակտիվացնում են մաքսային համագործակցությունը։ Հունիսի վերջին երկու երկրների մաքսային ծառայությունների ղեկավարները պայմանավորվել են մաքսային հարցերում փոխադարձ վարչական օգնության մասին համաձայնագրի գործնական իրականացման շուրջ և առաջարկել ստեղծել համատեղ կոմիտե՝ նրա կատարման վերահսկման համար։
Կողմերը նախատեսում են փորձի փոխանակում մաքսանենգության և մաքսային խախտումների դեմ պայքարում, մաքսային մարմինների ղեկավարների կանոնավոր հանդիպումների անցկացում, ինչպես նաև մասնագետների այցերի կազմակերպում երկու երկրների նավահանգիստներ և մաքսային կետեր։
Օմանի հետ առևտրային կապերի զարգացումը դարձել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղություններից մեկը։ 2025 թվականի մայիսին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Մասկատ այցի ընթացքում երկրները ստորագրել են փոխըմբռնման 18 հուշագիր տարբեր ոլորտներում, ներառյալ տնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը, տեխնոլոգիաները, առողջապահությունը և հանքարդյունաբերությունը։
Օմանի սուլթան Հայսամ բին Թարիքն այն ժամանակ հայտարարել էր երկու երկրների նավահանգիստների միջև կապերն ընդլայնելու անհրաժեշտության մասին և նշել Իրանի միջոցով իրականացվող երկաթուղային փոխադրումների առևտրային նշանակությունը։ Իր հերթին, Փեզեշքիանը հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է զարգացնել համագործակցությունն Օմանի հետ բոլոր ոլորտներում։