Սիդնեյի մարաթոնի կազմակերպիչները հումորով են վերաբերվել զավեշտալի սխալին․ մասնակիցների մեդալների վրա Սիդնեյի Allianz Stadium-ի փոխարեն պատկերել էին մյունխենյան Allianz Arena-ն, հաղորդում է BBC News-ը։
Սխալը նկատել են սոցցանցերի օգտատերերն այն բանից հետո, երբ կազմակերպիչները հրապարակել են մեդալի դիզայնը։ Դրա վրա մարզադաշտի ձևն ակնհայտորեն հիշեցնում էր Գերմանիայի Մյունխեն քաղաքում գտնվող արենան, այլ ոչ թե Սիդնեյի մարզադաշտը։
Սիդնեյի մարաթոնի ներկայացուցիչը տեղի ունեցածը անվանել է «ցավալի սխալ»՝ հավելելով, որ մեդալի հակառակ կողմում «չափից շատ միջազգային կոլորիտ» է հայտնվել։
Միևնույն ժամանակ կազմակերպիչները չեն պատրաստվում փոխել մեդալները․ մասնակիցները կստանան հենց այն տարբերակը, որի վրա պատկերված է մյունխենյան մարզադաշտը։ «Մենք չենք պատրաստվում դրանից փախչել», — հայտարարել են կազմակերպիչները՝ նշելով, որ այժմ մեդալը «մի փոքր ավելի եզակի» է դարձել։
Մեդալի վրա նաև պատկերված են Սիդնեյի ճանաչելի տեսարժան վայրերը՝ Օպերային թատրոնը և Հարբոր-Բրիջ կամուրջը, որոնք գտնվում են 42,2 կմ երկարությամբ մարաթոնի երթուղու վրա։
Զավեշտալի դեպքը ուշադրությունից դուրս չի մնացել նաև հենց Գերմանիայում։ Allianz Arena-ի պաշտոնական հաշիվը կատակել է, որ մյունխենյան մարզադաշտի հայտնվելը Սիդնեյի մարաթոնի մեդալի վրա «նրանց բինգո-քարտում չկար»՝ ենթադրելով, որ կազմակերպիչները պարզապես որոշել են ընդգծել երկու օբյեկտների ճարտարապետական նմանությունը։
Մեդալի հակառակ կողմը մշակել է Ավստրալիայի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչ նկարիչ Ամբրոուզ Քիլիան։ Նա BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել է, որ չի մասնակցել մարզադաշտի պատկերով կողմի ստեղծմանը։
Սիդնեյի մարաթոնը կանցկացվի օգոստոսի 30-ին։ Դրան նախատեսում են մասնակցել մոտ 40 հազար վազորդներ․ կազմակերպիչները վիճակահանությանը մասնակցելու համար ստացել են ավելի քան 120 հազար հայտ։