
Օգոստոսի 20-ին մենք զանգահարել էինք Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանին՝ ճշտելու մեր ստացած տեղեկությունը, ըստ որի՝ Արագածոտնի մարզի դատավորներից մեկին խոշոր չափի կաշառք է առաջարկվել և նա հաղորդում է տվել հանցագործության մասին։
Օհանջանյանը լսեց մեր հարցը եւ ասաց, որ ավելի ուշ «հետ կզանգի»։ Մի քանի ժամ անց զանգահարեց՝ կեսբերան, դժկամությամբ հաստատեց մեր տեղեկությունը, սակայն հրաժարվեց մանրամասներ ասել և նշել դատավորի անունը՝ ասելով, թե դա «գաղտնիք է»։ Բայց հերքեց մեր տեղեկությունը, որ խոսքը դատավոր Կարինե Դավթյանի մասին է։ Մենք, պահպանելով անմեղության կանխավարկածը և հավատալով ՀԿ խոսնակին, հաղորդում ներկայացրած դատավորի անունը չհրապարակեցինք, այլ հրապարակեցինք այն, ինչ ստացել էինք մեր աղբյուրներից։
Օգոստոսի 21-ին, երբ լուրը հայտնվեց «Հրապարակի» առաջին էջում, նույն օրը Հանրայինի «Լուրերը» մեծ ռեպորտաժ հեռարձակեցին, որտեղ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Բագրատ Ադամյանը ներկայացնում էր գործի մանրամասները եւ նույնիսկ ցուցադրում տեսանյութը։ Եվ սա առաջին դեպքը չէ, երբ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկություն չի տրամադրում, խոչընդոտում է «Հրապարակ»-ի աշխատանքին, մեր տեղեկությունները չհաստատելով, մեզ ապակողմնորոշելով և մեր աղբյուրներից ստացած ինֆորմացիան այլ լրատվամիջոցներին տրամադրելով: Իսկ մենք պաշտոնապես դիմում ենք մամուլի խոսնակին` հույս ունենալով, որ նա կկատարի իր պարտականությունները և լրատվամիջոցների մեջ խտրականություն չի դնի, մեր էքսկլյուզիվ ինֆորմացիաները «սլիվ» չի անի: Եթե մեզ ասում եք «գաղտնիք է», իսկ Հ1-ի եթերում գործի մանրամասներն ու տեսանյութն եք ներկայացնում, ուրեմն խնդիր ունեք մեր աշխատանքը խոչընդոտելու և լրատվամիջոցների նկատմամբ ընտրովի վերաբերմունք ունեք, տեղեկատվությունը «յուրայինների» ու «օտարների» բաժանելու խնդիր:
Այստեղ միայն մի հարց է բաց մնում` ով է նման գործելաոճի հեղինակն ու գաղափարախոսը` գերատեսչության խոսնա՞կը, թե՞ ղեկավարը: Իսկ գուցե հրահանգը ավելի՞ վերևից է գալիս: