FT․ Հնդկաստանը ռուսաստանյան նավթի գնումները հասցրել է ռեկորդային՝ օրական 2,6 մլն բարելի մակարդակի

Հնդկաստանը ռուսաստանյան նավթի գնումները հասցրել է ռեկորդային մակարդակի, քանի որ Մերձավոր Արևելքում պատերազմը բարդացրել է հումքի մատակարարումները այլ տարածաշրջաններից։ Մերձավոր Արևելքից մատակարարումների խափանումները ուժեղացրել են Նյու Դելիի կախվածությունը ռուսաստանյան վառելիքից, հայտնում է Financial Times պարբերականը։

Kpler-ի գնահատմամբ, հունիսին և հուլիսին Հնդկաստանը Ռուսաստանից ներմուծել է օրական ավելի քան 2,6 մլն բարել նավթ, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է փետրվարյան ցուցանիշը, երբ մատակարարումների ծավալը կազմում էր օրական մոտ 1 մլն բարել։ Ռուսաստանյան նավթին բաժին է ընկել Հնդկաստանի նավթի ամբողջ ներմուծման ավելի քան կեսը։

Հնդկաստանի նավթի ներմուծման ընդհանուր ծավալն աճել է՝ հասնելով օրական մոտ 5 մլն բարելի, ինչը առավելագույն ցուցանիշն է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների սկսվելուց ի վեր՝ փետրվարի վերջից։

Ինչպես նշում է պարբերականը, Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության բացակայությունը, ինչպես նաև Հորմուզի նեղուցով նավարկության հետ կապված խնդիրները ստիպել են հնդկական ընկերություններին մեծացնել գնումները Ռուսաստանից։

Հնդկաստանը ծայրահեղ կախված է արտաքին մատակարարումներից․ երկիրը ներմուծում է իրեն անհրաժեշտ նավթի և գազի ավելի քան 90%-ը։ Անկախության օրվա առթիվ ելույթ ունենալիս վարչապետ Նարենդրա Մոդին էներգետիկ անվտանգությունն անվանել է երկրի ամենահրատապ խնդիրներից մեկը և միաժամանակ ընդգծել էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման անհրաժեշտությունը։

Նյու Դելին նաև փորձում է մեծացնել ռազմավարական պաշարները։ Հնդկաստանի նավթապահեստարանները կարող են տեղավորել 5,33 մլն տոննա նավթամթերք։ Առևտրային պաշարների հետ միասին դա բավարար է ներմուծման մոտ 74 օրվա համար։ Իշխանությունները քննարկում են ռազմավարական պահուստների մի մասը Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայելու հնարավորությունը։

Միևնույն ժամանակ, Հնդկաստանի էներգետիկ անվտանգությունը մնում է խոցելի։ Էներգետիկ տնտեսագիտության և ֆինանսական վերլուծության ինստիտուտի Հարավային Ասիայի գծով տնօրեն Վիբհուտի Գարգին հայտնել է, որ երկիրն ունի նավթի պաշարներ, սակայն զգալիորեն ավելի քիչ են հեղուկացված բնական գազի երկարաժամկետ պահուստները։

Մերձավոր Արևելքից գազի մատակարարումների խափանումներն արդեն ստիպել են Հնդկաստանին ավելի ակտիվ օգտագործել ածուխը։ 2015 թվականի մարտից դրա տարեկան արդյունահանումը երկրում աճել է 70%-ով և հասել 1,04 մլրդ տոննայի։

Այժմ Նյու Դելին ստիպված կլինի փնտրել նավթի նոր մատակարարներ և դրա տեղափոխման ավելի անվտանգ երթուղիներ։ Ռուսաստանյան հումքի ռեկորդային գնումները ցույց են տալիս, թե որքան դժվար է Հնդկաստանի համար արագորեն նվազեցնել կախվածությունը նավթի մեկ խոշոր աղբյուրից՝ Մերձավոր Արևելքում անկայունության ֆոնին, գրում է պարբերականը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *