Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային օգոստոսի 24-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ Իրանը պաշտոնական հրավեր չի ստացել՝ միանալու Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի մասնակցությամբ տարածաշրջանային անվտանգության շուրջ համաձայնագրին, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։
«Մենք պաշտոնական հրավեր չենք ստացել, սակայն այդ երկրները բարձրացրել են տարածաշրջանային անվտանգության ընդհանուր խնդրի հետ կապված հարցը», – ասել է Բաղային։
Խոսնակը նշել է, որ Թեհրանը որևէ պատճառ չի տեսնում՝ կարծելու, որ երեք երկրների մասնակցությամբ պայմանավորվածությունը նախատեսված է Իրանի դեմ։
Բաղայիի խոսքով՝ քննարկումներն արտացոլում են տարածաշրջանային պետությունների շրջանում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ աճող մտահոգությունները և նրանց գնահատականը, որ Վաշինգտոնի հիմնական մտահոգությունը տարածաշրջանում Իսրայելի անօրինական շահերի պաշտպանությունն է։
Հետևաբար, ըստ խոսնակի, տարածաշրջանային երկրներն ընդունել են տարածաշրջանն իսրայելական էքսպանսիոնիզմից պաշտպանելու տեղական մեխանիզմներ մշակելու անհրաժեշտությունը։