Լոս Անջելեսից 25-ամյա ռեժիսոր և դերասանուհի Սոֆիա Մեդոքսի (Sophia Maddox) համար ընտանեկան արմատների որոնումը վերածվել է իսկական մղձավանջի։ Նրա հոր գենետիկական թեստի արդյունքները կործանել են ընտանիքի սովորական աշխարհը և կապել նրանց ԱՄՆ պատմության ամենասարսափելի հանցագործներից մեկի հետ։
Պատմությունը սկսվել է 2022 թվականին, երբ Սոֆիայի հայրը՝ Դենիել Արգուելյեսը, որը մեծացել էր մոր և խորթ հոր հետ, վերջապես որոշել է գտնել իր կենսաբանական հորը։ Տարիների որոնումներից և ռեգիստրում ԴՆԹ թեստ հանձնելուց հետո նա գտել է Մայքլ Բրուններին, և թեստերը հաստատել են, որ նրանք միահայր եղբայրներ են։ Պարզվել է, որ Բրունները Չարլզ Մենսոնի և Մերի Բրունների որդին է և աղանդի առաջնորդի առաջին հետևորդներից մեկը, գրում է The Post-ը։
Երբ Դենիելը զանգահարել է դստերը՝ նորությամբ կիսվելու համար, Սոֆիան փորձել է գուշակել, թե ում մասին է խոսքը։
Փնտրելով պապի անունը Google-ում և տեսնելով Մենսոնի դիմանկարները՝ Սոֆիան ուժգին շոկ է ապրել․ նմանությունը սարսափեցնող էր։
Ո՞վ է Չարլզ Մենսոնը
Չարլզ Մենսոնը տխրահռչակ «Ընտանիք» համայնքի առաջնորդն էր, որի անդամները 1969 թվականի օգոստոսին մի շարք դաժան սպանություններ են իրականացրել Լոս Անջելեսում։ Նրանց զոհերի թվում է եղել նաև հղիության 9-րդ ամսում գտնվող 26-ամյա դերասանուհի Շերոն Թեյթը՝ ռեժիսոր Ռոման Պոլանսկու կինը, ինչպես նաև նրա չորս հյուրերը։ Հաջորդ գիշեր աղանդը սպանել է սուպերմարկետի սեփականատեր Լենո ԼաԲյանկային և նրա կնոջը։
Մենսոնը դատապարտվել է մահապատժի, որը հետագայում փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Նա մահացել է բանտում 2017 թվականին՝ 83 տարեկան հասակում։
Վավերագրական ֆիլմ և պառակտում ընտանիքում
Սոֆիա Մեդոքսն իր որոնումներն ու այս ընտանեկան գաղտնիքի իմաստավորումը փաստագրել է Hulu-ի համար նկարահանված «Իմ պապը Չարլզ Մենսոնն է» (My Grandfather Charles Manson) ֆիլմում։ Ֆիլմում նա ուսումնասիրում է ոչ այնքան աղանդի շուրջ ձևավորված մռայլ պատմությունը, որքան այն, թե ինչպես 1940-ականներին ծանր մանկությունն ու անչափահասների ուղղիչ հաստատությունների դաժան համակարգը խեղեցին Մենսոնի հոգեկան աշխարհը և նրան վերածեցին հրեշի։ Միաժամանակ Մեդոքսը շեշտում է, որ իր նպատակը հանցագործին արդարացնելը չէ, այլ դաժանության արմատները հասկանալը։
Սակայն հետաքննությունը ծանր ազդեցություն է ունեցել հոր և դստեր հարաբերությունների վրա։ Դենիել Արգուելյեսի համար իր կենսաբանական հոր կերպարը չափազանց ցավոտ հարված է եղել, և նրա ու Սոֆիայի միջև թյուրըմբռնում է առաջացել ֆիլմի ստեղծագործական շեշտադրումների պատճառով։ Այժմ հայրն ու դուստրը ժամանակավորապես չեն շփվում, թեև Դենիելը նշում է, որ շարունակում է հպարտանալ դստերով և հեռվից աջակցել նրան։
Սոֆիան, որոշել է գնալ անսպասելի ճանապարհով․ ֆիլմի վրա աշխատելու ընթացքում նա պաշտոնապես փոխել է ազգանունը՝ իրեն վերադարձնելով Մենսոն տոհմանունը և այն վերաիմաստավորելով իր ձևով․ «Ես ուսումնասիրել եմ Մենսոն ազգանվան ծագումը և պարզվել է, որ այն նշանակում է «բարիք»։ Իմ ազգանունը նշանակում է բարիք։ Ես պատրաստվում եմ այն վերադարձնել ինձ։ Դա իմն է, ես նրան նոր կյանք եմ տալիս»։