Հայաստանի բանկերը քաղաքացիներին անվճար կտրամադրեն հաշիվների մասին տեղեկանքներ

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում ֆիզիկական անձինք հնարավորություն կստանան առևտրային բանկերից անվճար ստանալ էլեկտրոնային տեղեկանքներ իրենց բանկային հաշիվների, դրանց մնացորդների, ինչպես նաև բանկի հետ փոխադարձ պարտավորությունների առկայության կամ բացակայության մասին: Այս մասին հայտնում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

ԿԲ խորհուրդը համապատասխան լրացումն իրականացրել է «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ում՝ հաշվի առնելով սպառողներից ստացված ազդակները:

Էլեկտրոնային եղանակով նման տեղեկանքը կտրամադրվի անվճար: Թղթային տարբերակը հաճախորդը կարող է անվճար ստանալ յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ:

Ինչպես նշում է Կենտրոնական բանկը, կարգավորման նպատակն է ամրապնդել ֆիզիկական անձանց՝ բանկային համակարգում իրենց կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ ապահովելով համապատասխան տեղեկանքի հասանելիությունը, բարձրացնել ֆինանսական ծառայությունների մատչելիությունն ու թափանցիկությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *