Իրական թշնամի՞, թե՞ նախընտրական խաբկանք․ Թուրքիան Իսրայելի «նոր թշնամին»՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

Թուրքիան, կարծես, դարձել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նախընտրական քարոզարշավի թիրախներից մեկը։ Օրեր առաջ Թել Ավիվի գլխավոր մայրուղու վրա տեղադրված հսկայական գովազդային վահանակի վրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատկերված էր Իրանի և «Հեզբոլլահի» առաջնորդների, ինչպես նաև Նյու Յորքի քաղաքապետի կողքին՝ որպես Իսրայելի հակառակորդներ, իսկ պատկերն ուղեկցվում էր «Նրանք ցանկանում են, որ Նեթանյահուն պարտվի։ Թույլ մի՛ տվեք՝ նրանք հաղթեն» գրությամբ․ գրում է CNN-ը։

Վահանակի տեղադրումից օրեր անց Թուրքիան հայտնվեց նաև Իսրայելի ռազմական առճակատման կենտրոնում։ Իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ հասցրին Սիրիայի հյուսիսում գտնվող Աբու ալ-Դահարի ավիաբազային։ Իսրայելցի պաշտոնյաների խոսքով՝ այսպիսով Թել Ավիվը թիրախավորել էր Սիրայում ձևավորվող թուրքական ռազմական ներկայությունը, որն Իսրայելը դիտարկում է որպես լուրջ սպառնալիք իր շահերին։

Հաշվի առնելով, սակայն, որ Իսրայելում խորհրդարանական ընտրություններին մնացել է երկու ամսից մի փոքր ավելի, հարվածի և Նեթանյահուի նախընտրական քարոզարշավի ուղերձների ժամանակային համընկնումն Իսրայելում և արտերկրում բանավեճի տեղիք է տվել․ արդյոք Նեթանյահուն կանխարգելիչ քա՞յլ է ձեռնարկում՝ արձագանքելով իրական ռազմավարական սպառնալիքի, թե՞ ուռճացնում է այդ սպառնալիքը՝ ընտրություններում իր դիրքերն ամրապնդելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հրապարակային քննադատության է ենթարկել Իսրայելին՝ հարվածն անվանելով «անհարկի էսկալացիա»։ Բարաքը ենթադրել է, որ հարվածը կարող էր քաղաքական դրդապատճառ ունենալ՝ առաջ քաշելով այն տեսակետը, որ Իսրայելը «պարզապես փորձել է սադրել Թուրքիային»։ Նա այդ քայլն անվանել է «շատ ագրեսիվ»՝ նշելով, որ այն կարող էր շահեկան լինել ընտրությունների նախաշեմին։

Թուրքիան, իր հերթին, մեղադրել է Նեթանյահուին հոկտեմբերին կայանալիք ընտրություններից առաջ «տարածաշրջանում էքսպանսիոնիստական և ապակայունացնող քաղաքականություն վարելու» համար։ Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ շարունակելու է «օրինական հիմունքներով» համագործակցել Սիրիայի կառավարության հետ՝ «խաղաղության, կայունության և բարգավաճման հաստատման նպատակով»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *