Պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է․ Լևոն Քոչարյանը՝ տան՝ շուրջ 7 ժամ տևած խուզարկության մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր բնակարանում խուզարկությունը սկսվել է առավոտյան՝ ժամը 7:10-ին, և տևել շուրջ 7 ժամ։ Նա ասաց, որ այդ ընթացքում տեղեկացել է նաև իր հոր՝ Ռոբերտ Քոչարյանի և եղբոր՝ Սեդրակ Քոչարյանի հետ կապված այլ հասցեներում իրականացվող գործողությունների մասին։

«Ըստ երևույթին՝ այս առումով ոչ մի անակնկալ չկա։ Պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է։ Այս մասին, փաստորեն, երեկ նաև մամուլն էր գրել, որ նման բաներ են սպասվում»,-խուզարկությունից հետո ասաց պատգամավորը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այսօրվա գործողությունները կապվա՞ծ են իր երեկվա ելույթի հետ, Լևոն Քոչարյանը նշեց, որ դրանք միայն այդ ելույթով պայմանավորված չեն։

«Եթե ես երեկվա ելույթն առանձնացնեմ ու ասեմ, որ միայն այդ ելույթի հետ է կապված՝ ո՛չ։ Այդ ելույթը կարող է ինչ-որ ավելորդ խթան հանդիսացած լինել, բայց նման ելույթներ այնպես չէ, որ առաջին անգամ եմ ունեցել։ Ընդհանուր առմամբ, այս ամենը կապված է մեր ընդդիմադիր գործունեության, այս իշխանության վարած քաղաքականության հետ համաձայն չլինելու, դրա մասին խոսելու, բարձրաձայնելու, չընկրկելու, չնահանջելու, չկզելու հետ»,- ասաց նա՝ հավելելով․ «Մենք այս ամենին պատրաստ ենք։ Առաջին անգամ չէ, և, ըստ երևույթին, այս ամենը շարունակվելու է բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք կփորձեն դեմ արտահայտվել այս իշխանությանը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *