Ռուսաստանցի ֆիզիկոսից՝ ԱՄՆ միլիարդատեր. ինչպես է Տիմաշևը ցանկանում Օհայոն վերածել արհեստական ​​բանականության մայրաքաղաքի

Խորհրդային Միության փլուզումից հետո ԱՄՆ տեղափոխված և ծրագրային ապահովման ոլորտում միլիարդի հասնող կարողություն դիզած 59-ամյա Ռատմիր Տիմաշևը նախաձեռնել է ամբիցիոզ նախագիծ: Նա մտադիր է Օհայո նահանգի վարչական կենտրոն Կոլումբուսը վերածել Արհեստական բանականության (ԱԻ) համաշխարհային նոր հաբի, գրում է Forbes-ը:

$100 միլիոն և «ամբողջական ցիկլի» վենչուրային պլատֆորմ

Իր նպատակն իրագործելու համար Տիմաշևը պլանավորում է առաջիկա 5 տարիների ընթացքում ներդնել 100 միլիոն դոլար: 2024 թվականի փետրվարին նա հիմնադրել է «Oh.io» վենչուրային ընկերությունը, որի հիմնական առաքելությունն է Կոլումբուս ձգել շուրջ 100 ԱԻ-ստարտափներ՝ ԱՄՆ այլ տարածաշրջաններից, Եվրոպայից և Իսրայելից:

Ի տարբերություն ավանդական վենչուրային ֆոնդերի, որոնք միայն ֆինանսավորում են տրամադրում, «Oh.io»-ն առաջարկում է «լիարժեք աջակցության պլատֆորմ»: Ընկերությունը 18-24 ամսվա ընթացքում ստարտափների համար սեփական միջոցներով հավաքագրում և պահում է վաճառքի ու մարկետինգի ամբողջական թիմեր: Միակ պայմանն այն է, որ ստարտափները վաճառքի իրենց հյուսիսամերիկյան բաժինները բացեն հենց Կոլումբուսում:

«Իմ կրթությամբ գիտնական եմ, ուստի սիրում եմ փորձարկումներ: Ես որոշեցի մի փորձ անել՝ փորձել Կոլումբուսը վերածել նոր Սիլիկոնային հովտի՝ Ամերիկայի ինովացիոն կենտրոնի», — նշում է Տիմաշևը:

Խորհրդային ֆիզիկոսից՝ ամերիկյան միլիարդատեր

Ռատմիր Տիմաշևը ծնվել է 1966 թվականին Ուֆայում, ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը: 1992 թվականին տեղափոխվել է ԱՄՆ՝ Օհայոյի նահանգային համալսարանի ասպիրանտուրայում սովորելու:

1990-ականների կեսերից Տիմաշևն իր գործընկեր Անդրեյ Բարոնովի հետ հիմնադրել է ծրագրային ապահովման մի քանի հաջողակ ընկերություններ: Նրանց ամենամեծ հաջողությունը դարձավ Veeam ընկերությունը (տվյալների պաշտպանություն և պահպանում), որը 2020 թվականին վաճառվեց «Insight Partners» ֆոնդին՝ 5 միլիարդ դոլարով:

Այս գործարքի շնորհիվ Տիմաշևի կարողությունը գնահատվում է շուրջ 5,4 միլիարդ դոլար: Նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և ստացել ԱՄՆ քաղաքացիություն: Տիմաշևն արդեն իսկ ավելի քան 150 միլիոն դոլար է նվիրաբերել Օհայոյի համալսարանին (OSU), որից 110 միլիոնը՝ Ծրագրային ինովացիաների նոր կենտրոնի կառուցման համար:

Ինչո՞ւ հենց Կոլումբուսը

Թեև Կոլումբուսը ներկայումս ԱԻ-մետրոպոլիաների ցանկում զբաղեցնում է ընդամենը 29-րդ տեղը, քաղաքն ունի մի շարք առավելություններ.

  • Տվյալների մշակման հզոր կենտրոն է (Data Centers):
  • «Silicon Heartland» նախագիծը. Intel-ն այստեղ կառուցում է կիսահաղորդիչների խոշոր գործարան ($28 մլրդ արժողությամբ):
  • Մատչելիություն. Լոս Անջելեսի, Սան Ֆրանցիսկոյի կամ Նյու Յորքի համեմատությամբ Կոլումբուսն առաջարկում է ան համեմատ ցածր գներ և ապրուստի ծախսեր:

Առաջին քայլերն ու դատական վեճերը

Այս պահին «Oh.io»-ն արդեն պայմանագրեր է կնքել 8 ստարտափների հետ (Սան Ֆրանցիսկոյից մինչև Շվեյցարիա): Սակայն նախագծի սկիզբը ստվերվել է իրավական վեճով. ընկերության երեք նախկին թոփ-մենեջերներ դատական հայց են ներկայացրել Տիմաշևի դեմ՝ մեղադրելով նրան պայմանագրային պարտավորությունները չկատարելու և ապօրինի աշխատանքից ազատելու մեջ: Տիմաշևի թիմը հերքում է մեղադրանքները և ներկայացրել է պատասխան հայց:

Չնայած դատական քաշքշուկներին՝ «Oh.io»-ն շարունակում է նոր ընկերությունների հավաքագրումը: Տիմաշևը վստահ է, որ Կոլումբուսում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ստեղծել գոնե մեկ տեղական «Google» կամ «OpenAI», որը կոգեշնչի նոր սերնդին:

«Ես հավատում եմ կապիտալիզմին և ձեռներեցության ազատությանը: ԱՄՆ-ը հաջողակ է, որովհետև այստեղ գալիս են մարդիկ, ովքեր պատրաստ են զարգանալ և երազում են ինչ-որ բանի հասնել», — եզրափակում է միլիարդատերը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *