Ֆրանսիայի գյուղերից մեկով տորնադո է անցել․ տուժել է 41 մարդ, վնասվել են հարյուրավոր տներ

Երկուշաբթի տորնադոն անցել է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող մի գյուղով, ինչի հետևանքով տուժել է 41 մարդ, իսկ հարյուրավոր տներ վնասվել են, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին։

Ֆրանսիայի իշխանությունները երկրի հարավ-արևմուտքի մի շարք շրջաններում ամպրոպների պատճառով հայտարարել են եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ։ Շատ բնակավայրեր բախվել են էլեկտրամատակարարման խափանումների և տրանսպորտային հաղորդակցության խանգարումների։

Օդ դեպարտամենտում իշխանությունները չեղարկել են այս շրջանում անցկացվող «Իսպանիայի Վուելտա» հեծանվավազքի երրորդ փուլը այն բանից հետո, երբ ուժեղ կարկուտի պատճառով հեծանվորդները ստիպված են եղել ապաստան փնտրել։

Ամենից շատ տորնադոն հարվածել է մոտ 1000 բնակիչ ունեցող Պոմա գյուղին։ Նախնական գնահատականներով վնասվել է մոտ 300 տուն, իսկ որոշ դեպքերում տարերքը ամբողջությամբ պոկել է տանիքները։

Դեպքի վայր են ուղարկվել արտակարգ ծառայությունների ավելի քան 120 աշխատակիցներ։ Տուժածներից 15-ը տեղափոխվել են հիվանդանոցներ։

Նրանց թվում եղել է նաև հղի կին, որը վնասվածքներ է ստացել իր իսկ տան փլուզման հետևանքով, AFP-ին պատմել է նրա ամուսինը։

Ֆրանսիական օդերևութաբանական Météo-France ծառայությունը հայտնել է, որ մոտակա Արքետ-ան-Վալ գյուղում քամու արագությունը հասել է ժամում 73 մղոնի՝ մոտ 117 կմ/ժ-ի։

Ֆրանսիայի հարավում մոլեգնած ամպրոպները խաթարել են տրանսպորտային ցանցի աշխատանքը․ գնացքները ուշացել են, ճանապարհները փակվել են, իսկ Բորդոյի, Մարսելի, Նիսի, Թուլուզի և նույնիսկ ավելի հյուսիսում գտնվող Փարիզի օդանավակայաններում գրանցվել են չվերթների ուշացումներ և չեղարկումներ, հայտնել է տրանսպորտի նախարար Ֆիլիպ Տաբարոն։

Իշխանությունների տվյալներով՝ 10 գյուղերի մոտ 2800 տուն մնացել է առանց էլեկտրականության։

Միջինում Ֆրանսիայում ամեն տարի գրանցվում է մի քանի տասնյակ տորնադո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *