Աֆղանստանում շուրջ 1 միլիոն երեխա մահվան շեմին է թերսնուցման պատճառով․ ՄԱԿ

ՄԱԿ-ը նախազգուշացրել է Աֆղանստանում պարենային ճգնաժամի կտրուկ խորացման մասին. շուրջ 1 միլիոն երեխա տառապում է ծանր սուր թերսնուցումից, ինչն անմիջական սպառնալիք է նրանց կյանքի համար: Առանց ժամանակին ցուցաբերվող բուժման՝ նրանցից շատերը կարող են մահանալ, AFP-ին հայտնել է Աֆղանստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Թաջուդին Օյևալեն:

Ընդհանուր առմամբ, երկրում 3,7 միլիոն երեխա տառապում է սուր թերսնուցումից: Ընդ որում, այս տարի ավելի քան 500 հազար երեխա արդեն հոսպիտալացվել է ծանր կամ միջին աստիճանի հյուծվածության պատճառով: Հուլիսին ծանր սուր թերսնուցմամբ հոսպիտալացված երեխաների թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է մոտ մեկ երրորդով՝ 6 հազարից հասնելով ավելի քան 8 հազարի:

Հատկապես խոցելի են փոքրահասակ երեխաները. ծանր սուր թերսնուցման դեպքերի ավելի քան 80%-ը բաժին է ընկնում մինչև երկու տարեկան երեխաներին, իսկ ծանր հյուծվածությամբ ու բարդություններով հոսպիտալացվածների գրեթե 40%-ը մինչև վեց ամսական երեխաներին:

Իրավիճակն ավելի են սրում երաշտները, հանկարծակի հեղեղումները, տարածաշրջանային անկայունությունը և անդրսահմանային առևտրի խափանումները: Լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում 2023 թվականից ի վեր շուրջ 6 միլիոն մարդու վերադարձը Աֆղանստան, որոնց ավելի քան կեսը երեխաներ են:

Զուգահեռաբար նվազում է նաև միջազգային աջակցությունը։ 2025 թվականից ի վեր ծանր հյուծվածություն ունեցող երեխաներին աջակցող ավելի քան 100 կենտրոն դադարեցրել է Աֆղանստանում իր գործունեությունը։ Թեև 2026 թվականի համար ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ թերսնուցման դեմ պայքարի ծրագրի բյուջեն գնահատվում է 180 միլիոն դոլար, այս պահի դրությամբ հավաքագրվել է անհրաժեշտ ֆինանսավորման ընդամենը 22%-ը։

Օյևալեի խոսքով՝ ընտանիքները ստիպված են կրճատել սննդի քանակն ու որակը։ Փոքր երեխաների օրակարգը հաճախ սահմանափակվում է թեյով ու հացով կամ ջրիկացրած մածունով։ Թերսնուցումն իր հերթին մեծացնում է ծանր փորլուծության և շնչառական վարակների ռիսկը, որոնք էլ ավելի են վատթարացնում երեխաների վիճակը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *