Թեհրանից վերադառնալուց հետո Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին Իսլամաբադում հանդիպել է ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարի հետ։ Նաքվին և Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրը Իրանում բանակցություններ են վարել Վաշինգտոնի ու Թեհրանի միջև հակամարտությունը դադարեցնելու նպատակով։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Պակիստանի ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրավիճակը, ինչպես նաև խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված հարցեր։
Երկուշաբթի օրը Իրան կատարած այցի ընթացքում Նաքվին ուղեկցել է Մունիրին, ինչից հետո պակիստանցի բարձրաստիճան զինվորականն անձամբ է ստանձնել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդի դերը։
Բանակցությունները գնահատելով որպես «շատ դրական»՝ Նաքվին ընդգծել է, որ հաջողվել է «զգալի առաջընթաց» արձանագրել։ Նա հույս է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կծառայեն երկխոսությունը շարունակելու և տևական խաղաղություն հաստատելու համար։
Իրանական կողմը նույնպես բարձր է գնահատել Մունիրի Թեհրան կատարած այցը՝ այն որակելով «արդյունավետ» և նշելով դիվանագիտական էական հաջողությունների մասին։