Շվեդիան ցանկանում է բռնագրավել Մուսկյո ծովային բազայի հարևանությամբ գտնվող սեփականությունը, քանի որ այն պատկանում է ՌԴ քաղաքացու

Շվեդիայի Ֆորտիֆիկացիոն կառույցների վարչությունը դիմել է կառավարությանը՝ խնդրելով հարկադիր կարգով պետական սեփականություն դարձնել Մուսկյո ռազմածովային բազայի և Հանինգեի կայազորի մերձակայքում գտնվող անշարժ գույքի մի հատվածը։ Գերատեսչությունը այդ անհրաժեշտությունը բացատրում է ռազմական օբյեկտների պաշտպանության և ազգային անվտանգության շահերով, հայտնում է SVT։

Ներկայումս անշարժ գույքը պատկանում է Ռուսաստանի քաղաքացու։ Շվեդիայի զինված ուժերում կարծում են, որ օբյեկտի սեփականատիրոջ հետ կապված իրավիճակը անվտանգության սպառնալիք է ներկայացնում երկրի համար։

Ինչպես նշվում է Շվեդիայի զինված ուժերի հայտարարության մեջ, էքսպրոպրիացիայի դիմումով հանդես գալու որոշումը կապված է «անվտանգության ոլորտում լուրջ իրավիճակի», ռուսական անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի և անշարժ գույքի սեփականատիրոջ քաղաքացիության հետ։

«Շվեդիայի անվտանգությունից ավելի կարևոր ոչինչ չկա։ Մենք գտնվում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր անվտանգության տեսանկյունից ամենալուրջ իրավիճակում, ինչը լուրջ սպառնալիք է Շվեդիայի ու դաշինքի համար», — հայտարարել է Շվեդիայի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Կառլ-Յուհան Էդստրյոմը։

Զինվորականների տվյալներով՝ այս հողամասը Մուսկյո բազայի շրջանում միակ վայրն է, որը չի գտնվում զինված ուժերի վերահսկողության տակ, և այդ պատճառով էլ չի թույլ տալիս օբյեկտի պաշտպանության լիարժեք համակարգ ստեղծել (մասնավորապես՝ անօդաչու սարքերի հարձակումներից)։ Գերատեսչությունը մտադիր է հողամասը փոխանցել պետության տնօրինմանը և ապահովել Շվեդիայի ռազմական ենթակառուցվածքի և ՆԱՏՕ-ի համար նշանակություն ունեցող օբյեկտների անվտանգությունը։

Ինչպես նշում է անվտանգության հարցերով մասնագիտացող SVT-ի լրագրող Յոն Գրանլունդը, այս անշարժ գույքը վաղուց է խնդիր եղել շվեդ զինվորականների համար։ Այժմ, նրա խոսքով, հողամասը անօդաչու սարքեր արձակելու համար օգտագործելու սպառնալիքն այնքան լուրջ է դարձել, որ իշխանությունները պատրաստ են դիմել հարկադիր օտարման։

Էքսպրոպրիացիայի դիմումը ուղարկվել է կառավարության գրասենյակ։ Այն հիմնավորելու համար իշխանությունները մտադիր են օգտվել գործող օրենսդրական նորմից, որը պետությանը թույլ է տալիս հարկադիր կարգով օտարել հողը, եթե այն անհրաժեշտ է երկրի պաշտպանության համար։

Ավելի վաղ Expressen թերթը հաղորդել էր, որ մի քանի տարի առաջ Մուսկյո օբյեկտի մոտ գտնվող հողամասը ձեռք էր բերել ռուսական քաղաքացիություն ունեցող և ռուսական պետական կառույցների հետ կապեր ունեցող մի անձ։ Փաստաթղթերի համաձայն՝ նա հողի համար վճարել է ավելի քան 18,5 մլն շվեդական կրոն։ Այժմ հողամասում կառուցվում է մոտ 600 քմ մակերեսով առանձնատուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *