Միացյալ Նահանգները չի պլանավորում Իրանին նոր հարվածներ հասցնել մոտ ապագայում և կկենտրոնանա Թեհրանի նկատմամբ ճնշման այլ միջոցների, այդ թվում՝ պատժամիջոցների վրա․ Axios-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս մասին տեղեկացրել է մի քանի երկրների արտաքին գործերի նախարարներին։
Ռուբիոն հստակեցրել է, որ ԱՄՆ-ն չի պլանավորում վերսկսել լայնածավալ ռազմական գործողությունները, սակայն չի բացառել հարվածները, եթե Իրանն առաջինը հարձակում սկսի:
Պորտալի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ակնկալում է կենտրոնանալ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման ուժեղացման վրա՝ պատժամիջոցների և ծովային շրջափակման միջոցով, ինչպես նաև «հնարավորինս շատ նավթ տեղափոխելու Հորմուզի նեղուցով»:
Axios-ի աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ ԱՄՆ վարչակազմը մտադիր է պահպանել այս մոտեցումն առնվազն մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները: Պորտալի մեջբերած ԱՄՆ վարչակազմի պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ն չի բանակցում Թեհրանի հետ, այլ ելնում է այն ենթադրությունից, որ «ճնշումը կարող է նպաստել Իրանի վերադարձին բանակցությունների սեղանի շուրջ»: