ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ ծրագրային ելույթով հանդես կգա Տեխաս նահանգի Դալաս քաղաքում կայանալիք Հանրապետական կուսակցության համագումարում:
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, սեպտեմբերի 9-10-ին կայանալիք երկօրյա համագումարի ընթացքում ԱՄՆ նախագահի ելույթները նախատեսված են երկու օրերին էլ՝ տարբեր ձևաչափերով: Միջոցառումը կեզրափակվի Թրամփի ծրագրային ելույթով, իսկ առաջին օրվա վերջում մասնակիցների առջև ելույթ կունենա նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
Հունիսի 30-ին Թրամփը հայտարարել էր, որ Հանրապետական կուսակցությունն իր պատմության մեջ առաջին անգամ նման համագումար կանցկացնի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ: Ամերիկյան առաջնորդի փոխանցմամբ՝ հանդիպման նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել իր վարչակազմի իրականացրած քայլերին, հատկապես սոցիալ-տնտեսական ոլորտում:
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կայանալու են նոյեմբերի 3-ին, որոնց ժամանակ կվերընտրվեն Սենատի 100 անդամներից 33-ը և Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները: Այս պահին հանրապետականները վերահսկում են խորհրդարանի երկու պալատներն էլ:
Միացյալ Նահանգներում կուսակցական համագումարներն ավանդաբար անցկացվում են չորս տարին մեկ անգամ՝ նախագահական ընտրությունների նախաշեմին, և դրանց գլխավոր նպատակն է պաշտոնապես առաջադրել նախագահի ու փոխնախագահի թեկնածուներին, ինչպես նաև հաստատել կուսակցության ծրագիրը: