Կես հացի շուրջ վեճը գերմանացի հացթուխին 15․000 եվրո է արժեցել

Գերմանիայի Բավարիա երկրամասում հացթուխը հացի քաշի շուրջ հաճախորդի հետ վեճից հետո ստիպված է եղել 15․000 եվրո ծախսել նոր կշեռքներ գնելու համար․ գրում է Euronews-ը։

Վեճը տեղի է ունեցել Մյունխենից հյուսիս գտնվող Պֆաֆենհոֆեն ան դեր Իլմ քաղաքում, որտեղ հացթուխ Մաթիաս Բրայթները տասնամյակներ շարունակ ամբողջական հաց գնել չցանկացող հաճախորդներին հացի կես կտորն է վաճառում։

Մամուլի ուշադրությունը գրաված վեճը սկսվել է այն բանից հետո, երբ հաճախորդը էլեկտրոնային նամակ է գրել հացատուն՝ բողոքելով, որ տանը կես հացը կշռելուց հետո պարզել է, որ դրա քաշը 10 գրամով պակաս է եղել ամբողջական հացի համար նշված քաշի կեսից։

«Երբեմն մի քիչ ավելի է լինում, երբեմն՝ մի քիչ պակաս։ Հաջորդ անգամ հաստատ 10 գրամ ավելի կլինի»,- պատասխանել է Բրայթները։

Հաճախորդն այնուհետև դիմել է համապատասխան մարմիններին, ինչից հետո տեղական վերահսկողական մարմինը Բրայթներին հայտնել է, որ նա այլևս չի կարող կես հաց վաճառել՝ առանց դրանք առանձին-առանձին կշռելու։

Բրայթները նշում է, որ չի ցանկանում նախապես փաթեթավորված կես հաց վաճառել, ինչը նշանակում է, որ հաճախորդների համար կտրված յուրաքանչյուր չափաբաժին պետք է առանձին կշռվի վաճառքի պահին։

Ուստի հացթուխը ստիպված է եղել իր հացատներում նոր կշեռքներ տեղադրել։ Նրա խոսքով՝ դրանց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 15․000 եվրո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *