Հայաստանի ՆԳՆ-ն կփորձի սեպտեմբերի 1-ին նվազագույնի հասցնել Երևանի խցանումները

Հայաստանի ՆԳՆ ոստիկանությունը օգոստոսի 24-ից ուժեղացված հերթապահություն է իրականացնում առևտրի կենտրոնների և մոլերի մոտ՝ խցանումները նվազեցնելու նպատակով։ Այս մասին օգոստոսի 26-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Մաթևոսյանը։

Նա հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից 11-ը հերթապահություն կկազմակերպվի նաև դպրոցների մոտ՝ ինչպես շարժական, այնպես էլ ստացիոնար։ Գնդապետը վարորդներին կոչ է արել հնարավորինս նվազագույնի հասցնել կանգառները դպրոցների մոտ։ «Նույնիսկ եթե կանգ եք առնում մեկ րոպեով, խանգարում եք երթևեկության մյուս մասնակիցներին․ դա միևնույն է խախտում է»,- հիշեցրել է նա։ Մաթևոսյանը նշել է, որ երեխային մեքենայով դպրոց հասցնելու ցանկությունը հասկանալի է, սակայն չի կարելի խոչընդոտներ ստեղծել ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար։

Պարեկային ծառայության պետի տեղակալը հիշեցրել է, որ 7 տարեկանից փոքր երեխաների համար ավտոմանկական նստատեղը պարտադիր է։ 7-12 տարեկան երեխաներին թույլատրվում է տեղափոխել առանց մանկական նստատեղի, սակայն միայն հետևի նստատեղին և պարտադիր ամրագոտիով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *