Հնագետները Չեխիայում հայտնաբերել են մոտ 6,5 հազար տարվա հնության անսովոր կառույց, որը, ենթադրաբար, օգտագործվել է ծեսեր անցկացնելու և Արեգակի ու Լուսնի շարժին հետևելու համար։ Live Science-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական Բոհեմիայի երկրամասի Հլեբի գյուղի շրջանում գտնվող հուշարձանը հայտնի Սթոունհենջից մոտ հազար տարով ավելի հին է։
Կառույցը իրենից ներկայացնում է մոտ 230 մետր տրամագծով հսկայական շրջանաձև համալիր, որը շրջապատված է մինչև 2,5 մետր խորությամբ խրամով։ Ներսում եղել է 12 մուտք, որոնք տեղակայված են եղել շրջագծի տարբեր հատվածներում։ Հետազոտողների կարծիքով՝ պատերը կարող էին կազմված լինել փայտե սյուներից, իսկ մուտքերը, հավանաբար, զարդարված էին ցուլերի գանգերով և եղջյուրներով, ինչի մասին վկայում են խրամում հայտնաբերված կենդանիների ոսկորները։
«Ցուլի պաշտամունքը կարևոր կրոնական խորհրդանիշ էր առաջին երկրագործական համայնքների համար»,- նշել է Պրահայի Կարլի համալսարանի հնագետ Յան Տուրեկը։ Նեոլիթյան Եվրոպայում ցուլերը, հավանաբար, ասոցացվել են ուժի և պտղաբերության հետ։
Գիտնականների առանձնահատուկ հետաքրքրությունն առաջացրել է 12 մուտքերի դասավորությունը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք տեղադրված չեն եղել պատահականորեն․ դրանց երկրաչափությունը հնարավորություն էր տալիս դիտարկել արեգակնային և լուսնային ցիկլերի առանցքային պահերը։ Մասնավորապես, համալիրից հնարավոր էր հետևել ամառային արևադարձի օրը Արեգակի ծագմանը և ձմեռային արևադարձի օրը դրա մայրամուտին։ Որոշ ուղղություններ համապատասխանում էին նաև հորիզոնի վրա Լուսնի առավել ծայրային դիրքերին՝ դրա 18,6-ամյա ցիկլի շրջանակում։
Հետազոտության ղեկավար, Արևմտյան Բոհեմիայի համալսարանի հնագետ Պետր Կրիշտուֆը նշել է, որ տարածաշրջանում այս ժամանակաշրջանի համար նման տիպի շրջանաձև կառույցներ նախկինում չեն հանդիպել։
Նրա խոսքով՝ հին երկրագործների համար ամառային ծագումը խորհրդանշում էր սկիզբը, իսկ ձմեռային մայրամուտը՝ ցիկլի ավարտը։ Նմանատիպ սկզբունք հետագայում արտահայտվել է նաև Սթոունհենջի գլխավոր առանցքի կողմնորոշման մեջ։
Ժամանակի ընթացքում հուշարձանի սկզբնական նշանակությունը կորել է։ Հետագայում դրա տարածքում թաղել են բրոնզի դարի Ունետիցեի մշակույթի ներկայացուցիչներին, իսկ երկաթի դարում այստեղ առաջացել է սովորական բնակավայր։
Հնագետները շարունակում են հետազոտությունները և ծրագրում են ուսումնասիրել հողի կազմը։ Դրանում առկա քիմիական հետքերը կարող են օգնել պարզել, թե պատմության տարբեր ժամանակաշրջաններում մարդիկ ինչպես են օգտագործել այս անսովոր վայրը։