Մեր հեռուստատեսային բովանդակությունում ավելի շատ ցույց են տրվում Վանն ու Մուշը, քան Հայաստանի Հանրապետությունը։ Այս մասին օգոստոսի 27-ին Հայաստանի կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելել է, որ Հայաստանում հեռուստատեսությամբ չեն ցույց տալիս Հայաստանի Հանրապետությունը, գրքերում նույնպես Հայաստանի Հանրապետության մասին գրված չէ։ «Ինչո՞ւ ենք մենք մշտապես երազում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող վայրերի մասին։ Որովհետև մենք չենք տեսել Հայաստանի Հանրապետությունը, մենք չգիտենք, թե ինչ է Հայաստանի Հանրապետությունը»,- պարզաբանել է Փաշինյանը։
Նա դժգոհել է, որ հեռուստատեսությամբ ցույց են տալիս ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ պատմության ընկալումը։ «Մեր հեռուստատեսային բովանդակությունը չի ցույց տալիս Հայաստանի Հանրապետությունը, ցույց է տալիս ինչ ասես, բայց չի ցույց տալիս Հայաստանի Հանրապետությունը որպես վայր։ Ո՞վ է վերջին անգամ տեսել ռեպորտաժ Իջևանի կամ Վանաձորի մասին։ Ոչ մեկի մտքով չի անցնում, որ Վանաձորը քաղաք է, որտեղ մարդիկ ապրում են իրենց սովորական կյանքով»,- նշել է վարչապետը։
Նա կոչ է արել քննադատներին մեկնել Կապան և Կիրանց ու տեսնել՝ արդյոք մարդիկ այնտեղ ապրում են սարսափելի պայմաններում, թե ոչ։ «Կապանի մասին լսում են այս համատեքստում՝ «Գորիս-Կապան ճանապարհը ինքնակամ…» և այլն»,- ընդգծել է Փաշինյանը։
Նա հայտնել է, որ 2019 թվականին մտածում էր, որ պետք է ձևավորվի ոչ թե կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, այլ բովանդակության նախարարություն։ «Գործընկերները դրան թերահավատորեն վերաբերվեցին»,- կատակով ասել է նա։