ԱՄՆ-ն մեղադրել է «չինացի հաքերներին» NASA-ի, Սենատի և կառավարական գերատեսչությունների վրա իրականացված հարձակումների համար

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խափանել է «չինական հաքերային խմբավորման» գործունեությունը։ Այն 2018 թվականից ի վեր հարձակումներ է իրականացրել և փորձել կոտրել ամերիկյան պետական գերատեսչությունների ու այլ զգայուն օբյեկտների, այդ թվում՝ Արդարադատության նախարարության, NASA-ի, Դաշնային պահուստային համակարգի և Սենատի ցանցերը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Գերատեսչությունը հայտնել է «QScan» և «QTRouter» հաքերային երկու հարթակների դոմենների բռնագրավման մասին: Ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ դրանք օգտագործվել են լայնամասշտաբ կիբեռարշավի շրջանակում:

Գործի նյութերի համաձայն՝ տուժածների թվում են եղել նաև ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը, Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը, Առողջապահության ազգային ինստիտուտները, ինչպես նաև ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի չնշված չորս ընկերությունները:

Ամերիկյան իշխանությունները հարթակների աշխատանքը կապում են Չինաստանում տեղակայված «Nanjing Xinjiuwei Network Technology Company» ընկերության հետ: Արդարադատության նախարարության տվյալներով՝ նրա հաճախորդներն են եղել Չինաստանի պետական անվտանգության նախարարությունը (երկրի քաղաքացիական հետախուզական ծառայությունը) և Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը:

ՀԴԲ-ի, ԱԱԳ-ի և ԱՄՆ կիբեռազգային առաքելության ուժերի համատեղ ուղեցույցում հաղորդվում է վերջին տարիներին հաքերների իրականացրած բազմաթիվ գործողությունների մասին: Մասնավորապես, 2024 թվականի մայիսին նրանց հաջողվել է տվյալներ հափշտակել պաշտպանական ոլորտի չնշված կապալառուներից, ֆինանսական կազմակերպություններից և համալսարաններից:

2024 թվականի սեպտեմբերին հաքերները ներթափանցել են ԱՄՆ էներգետիկայի նախարարության երեք չնշված լաբորատորիաների, Առողջապահության ազգային ինստիտուտների, Առողջապահության նախարարության ստորաբաժանումներից մեկի և անվտանգության միջոցներ արտադրող ընկերության ցանցեր:

Ընդ որում, հարձակումների մի մասն ապարդյուն է անցել: 2019 թվականի օգոստոսին հաքերները փորձել են մուտք գործել NASA-ի ցանցեր վիրտուալ մասնավոր ցանցի (VPN) խոցելիության միջոցով, իսկ 2026 թվականի մարտին ցանցերն ուսումնասիրել են խոցելիությունների առկայության նպատակով և անհաջող փորձեր են կատարել ԱՄՆ Սենատի ու ամերիկյան հիվանդանոցներից մեկի համակարգեր ներթափանցելու համար:

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը հայտարարել է, որ Պեկինը վճռականորեն դեմ է ցանկացած կիբեռհարձակմանը և օրենքին համապատասխան կերպով պայքարում է դրանց դեմ: Միևնույն ժամանակ, չինական կողմը ԱՄՆ-ին մեղադրել է կիբեռանվտանգության հարցերում Չինաստանը վարկաբեկելու և չինական ընկերությունների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *