ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվել են Իրանի վրա տարածաշրջանի որոշ երկրների աջակցությամբ․ Արաղչի

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակն ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքականության արդյունք է.հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Քաթարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման բին Ջասիմ ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ ստեղծված իրավիճակն ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների, ինչպես նաև Իրանի շարունակական ծովային շրջափակման և Վաշինգտոնի տնտեսական ճնշման արդյունք է։ Արաղչին ընդգծել է տարածաշրջանի երկրների միջև վստահություն ձևավորելու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային անվտանգության մեխանիզմներ ստեղծելու համար։

Նա նաև դեմ է արտահայտվել Պարսից ծոցի երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Իրաքի, ԱՄԷ-ի, Քաթարի, Քուվեյթի, Բահրեյնի և Օմանի տարածքի և հնարավորությունների օգտագործմանը՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակումների և պատժամիջոցների կիրառման համար։

«Ցավոք, ԱՄՆ-ն և Իսրայելը՝ որոշ տարածաշրջանային երկրների աջակցությամբ, հարձակվեցին Իրանի վրա՝ անկայունություն առաջացնելով Հորմուզի նեղուցում։ Իրանը կատարեց պատերազմը դադարեցնելու համաձայնագրով (Իսլամաբադի հուշագիր) ստանձնած իր պարտավորությունները, այդ թվում՝ դրա հինգերորդ կետը, սակայն ԱՄՆ-ն խախտեց իր պարտավորությունները և խաթարեց համաձայնագրի իրականացումը, և վերջերս հայտարարեց տնտեսական հարձակումների նոր ալիքի մասին», – նշել է Արաղչին։

Նա նաև ընդգծել է, որ Իրանը կօգտագործի բոլոր հնարավոր միջոցներն՝ իր ազգային ինքնիշխանությունն ու շահերը պաշտպանելու համար։

Ալ-Թանին, իր հերթին, ընդգծել է Քաթարի սկզբունքային դիրքորոշումը երկրի անվտանգության և կայունության պահպանման հարցում և նշել է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար խորհրդակցությունների շարունակման կարևորությունը։

Իրան այցի ընթացքում Քաթարի վարչապետը հանդիպել է նաև նախագահ Մասուդ Փեզեշքիանի, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաիի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *