Դժկամ արքայազնից՝ արքա․ ո՞վ է Նորվեգիայի նոր թագավորը

Նորվեգական գահին բարձրացող Հաակոնը տարիներ շարունակ չէր կարողանում հաշտվել իր՝ ապագա թագավոր լինելու հանգամանքի հետ․ գրում է Reuters գործակալությունը։

«Այո՛, ես թագավորական ընտանիքի անդամ էի, բայց չէի ցանկանում այդ մասին խոսել… Դպրոցում դա ինձ անհանգստություն էր պատճառում», – 2023 թվականին լույս տեսած ինքնակենսագրականում գրել է Հաակոնը՝ հիշելով 1980-ականներին պետական տարրական դպրոցում սովորելու տարիները։

Տարիների ընթացքում նա աստիճանաբար հարմարվել է իր կարգավիճակին՝ 1991 թվականին դառնալով թագաժառանգ և հոր առողջական վիճակի վատանալու ֆոնին ստանձնելով ավելի շատ պարտականություններ։ Իսկ այսօր հոր՝ թագավոր Հարալդ V-ի մահից հետո, Հաակոնն արդեն ստանձնում է Նորվեգիայի թագավորի պարտականությունները։

Մանկության տարիներին Հաակոնը նախընտրում էր աչքի չընկնել։ Նա չհետևեց հոր և պապի օրինակին ու չսովորեց Օքսֆորդի համալսարանում՝ փոխարենն ընդունվելով Կալիֆորնիայի Բերքլիի համալսարան։ Նա ցանկանում էր տնից «որքան հնարավոր է հեռու» լինել։ Կալիֆոռնիան նրան գրավում էր նաև իր երաժշտական միջավայրով։

1999 թվականին Նորվեգիա վերադառնալուց կարճ ժամանակ անց նա երաժշտական փառատոնի ժամանակ հանդիպել է ապագա կնոջը՝ Մետտե-Մարիտին։ Երբ նրանց հարաբերությունների մասին հայտնի դարձավ, լրատվամիջոցներն ուշադրություն դարձրին այն հանգամանքին, որ Մետտե-Մարիտը ոչ թագավորական ծագում ունեցող կին է, ինչպես նաև՝ միայնակ մայր։ Աղմուկն աստիճանաբար մարեց այն բանից հետո, երբ թագավոր Հարալդը, որը, հակառակ հոր կամքին, նույնպես ամուսնացել էր թագավորական ծագում չունեցող կնոջ հետ, Մետտե-Մարիտին հրապարակայնորեն ընդունեց թագավորական ընտանիք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *