Ավստրալացի օդաչու Բոբ Բրեմլին, որը դեռ պատանեկան տարիքում համաշխարհային ռեկորդ էր սահմանել, զոհվել է երկրի հյուսիսային հատվածում ինքնաթիռի կործանման հետևանքով։ Այս մասին հայտնել է Pulse Tasmania պարբերականը՝ հղում կատարելով զոհվածի ընտանիքին և ոստիկանությանը։
«23-ամյա Ռոբերտ «Բոբ» Բրեմլին Air Frontier ինքնաթիռի միակ ուղևորն էր, որը օգոստոսի 25-ին կործանվել է Կարպենտարիայի ծոցում», — նշվել է հրապարակման մեջ։
Օգոստոսի 27-ին՝ հինգշաբթի, Հյուսիսային տարածքի ոստիկանությունը հաստատել է, որ Բրեմլիին ողջ գտնելու հույս այլևս չկա։ Երիտասարդի ընտանիքը նույնպես հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում հայտնել է նրա մահվան մասին։
«Բոբը լքեց մեզ», — փոխանցել է պարբերականը՝ մեջբերելով օդաչուի հարազատների խոսքերը։
Բոբ Բրեմլին հայտնի դարձավ 2019 թվականին։ 16 տարեկանում նա միայնակ շրջանցել է Ավստրալիան՝ հաղթահարելով 15 հազար կիլոմետր տարածություն։ Բրեմլին դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ մարդը, որը կատարել է նման ճանապարհորդություն։ Վերջին տարիներին նա աշխատում էր որպես պրոֆեսիոնալ օդաչու չարթերային ավիաընկերությունում։