Լոնդոնի հյուսիս-արևմուտքում՝ Նիսդենի շրջանում, աղբի վերամշակման ձեռնարկությունում բռնկված խոշոր հրդեհը խաթարել է գնացքների և մետրոյի երթևեկությունը, իսկ մոտակայքում գտնվող Amazon-ի պահեստը ստիպված են եղել տարհանել, հայտնում է PA Media-ն։
Ուեմբլի մարզադաշտի հարևանությամբ բռնկված հրդեհի վայր են ժամանել 20 հրշեջ մեքենա և շուրջ 125 հրշեջ։ Կրակը պատել է խառը թափոնների վերամշակման ձեռնարկության տարածքում գտնվող արդյունաբերական շենքը։ Դրա չափերը կազմել են մոտավորապես 100-ը 150 մետր։
Լոնդոնի հրշեջ բրիգադը Հաննա-Քլոուզ փողոցում բռնկված հրդեհի մասին ահազանգը ստացել է տեղական ժամանակով 11:36-ին։ Դեպքի մասշտաբների պատճառով առաջին ժամանած հաշվարկների ղեկավարը անմիջապես լրացուցիչ ուժեր է պահանջել։
Մինչև 17:00-ը հրդեհը հաջողվել է վերցնել վերահսկողության տակ, սակայն փրկարարները շարունակել են աշխատել տեղում մինչև ամբողջական մարումը։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ, կատարվում է հետաքննություն։
Հրդեհի պատճառով ամբողջությամբ դադարեցվել է դեպքի վայրի մոտով անցնող Metropolitan գծի երթևեկությունը։ Jubilee գծում հաղորդակցություն չի եղել Wembley Park և West Hampstead կայարանների միջև, իսկ մնացած հատվածներում առաջացել են լուրջ ուշացումներ։ Բացի այդ, խաթարվել են երկաթուղային փոխադրումները դեպի Լոնդոնի Մերիլեբոն կայարան ուղղությամբ։
Մոտակայքում գտնվող Amazon-ի պահեստը, որը չի տուժել կրակից, տարհանվել է։
Սա արդեն այս ամառ Լոնդոնում թափոնների վերամշակման ձեռնարկությունում տեղի ունեցած երրորդ խոշոր հրդեհն է։ Ավելի վաղ՝ օգոստոսին, մոտ 100 հրշեջ մարում էր Դեպտֆորդի օբյեկտում բռնկված հրդեհը, որտեղ այրվում էր շուրջ 50 տոննա կենցաղային թափոն։
Environmental Services Association-ի տվյալներով, թափոնների վերամշակման ձեռնարկություններում շաբաթական ավելի քան 10 անգամ տեղի են ունենում հրդեհներ, որոնք առաջանում են ոչ ճիշտ նետված լիթիումային մարտկոցներից, այդ թվում՝ էլեկտրոնային ծխախոտների մարտկոցներից։ Ըստ գնահատականների, նման հրդեհները ոլորտին տարեկան արժենում են մոտ 1 մլրդ ֆունտ ստեռլինգ։