The Guardian․ Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը 72 ժամ հետևել է իր ջրերում գտնվող ռուսական նավերին

Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմը 72 ժամ հետևել է չորս ռուսական նավերի, որոնք Հյուսիսային ծովից դեպի Լա Մանշ էին անցնում բրիտանական ջրերով։ Այս մասին հայտնի է դարձել անցյալ շաբաթ իրականացված գործողությունից հետո, հայտնել է The Guardian-ը։

Ռուսական նավերի տեղաշարժին հետևել են HMS Duncan կործանիչը, HMS St Albans ֆրեգատը և HMS Severn պարեկանավը, օդային աջակցություն է ցուցաբերել Merlin ուղղաթիռը։

Բրիտանական իշխանությունների տվյալներով՝ ռուսական «Ծովակալ Լևչենկո» ականակիրը Դուվրի ուղղությամբ ուղեկցել է պատժամիջոցների տակ գտնվող «Գեներալ Սկոբելև» և Sparta բեռնանավերին։ Ի պատասխան՝ Ռուսաստանը նավերի ուղեկցման համար ներգրավել է սեփական ռազմական ուժերը՝ մասնավորապես «Քաջարի» ֆրեգատը։

Մեծ Բրիտանիայի առաջին ծովային լորդ, գեներալ Գվին Ջենքինսը հայտնել է, որ Լոնդոնը չի կարող թուլացնել վերահսկողությունը ռուսական նավերի նկատմամբ։ Նրա խոսքով՝ այսպես կոչված «ստվերային նավատորմի» նավերը շարունակում են «անընդունելի սպառնալիք» ներկայացնել երկրի անվտանգության համար։

«Մեր դաշնակիցների հետ միասին այս մոտեցումը ստիպում է Մոսկվային շեղել ռուսական ռազմանավերը նրանց հիմնական խնդիրներից։ Ռուսաստանը գիտի, որ մենք պատրաստ ենք կրկին գործել, եթե դրա անհրաժեշտությունը լինի», — ասել է Ջենքինսը։

Բրիտանական իշխանություններն ավելի վաղ հայտնել էին Մեծ Բրիտանիայի ջրերում ռուսական նավերի ակտիվության աճի մասին։ Հուլիսին թագավորական նավատորմը 21 օր հետևել է ռուսական նավերին՝ 25 տոկոսով ավելի երկար, քան մեկ տարի առաջ։ Լոնդոնի տվյալներով՝ Ռուսաստանի ռազմանավերը բազմիցս նկատվել են Դուվրի նեղուցի և Հյուսիսային ծովի շրջանում։

Հունիսին բրիտանացի ծովային հետևակայիններն առաջին անգամ անմիջականորեն գրավել են Smyrtos ռուսական լցանավը, որը Լոնդոնը համարում է «ստվերային նավատորմի» մաս։ Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 500 նավի նկատմամբ, որոնք կապված են ռուսական նավթի արտահանման հետ։

Ռուսական նավերի վերահսկողության ուժեղացման ֆոնին Մոսկվայի և Լոնդոնի հարաբերություններում լարվածությունը պահպանվում է։ Կրեմլը նախկինում Մեծ Բրիտանիային և նրա դաշնակիցներին մեղադրել էր «կրակի հետ խաղալու» մեջ՝ Ուկրաինային շարունակվող աջակցության պատճառով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *