Գրեթե հազար մասնակիցներ Բուդապեշտում լողալով անցել են Դանուբը՝ Generali OWT Danube Swim մրցման շրջանակում, հայտնում է Euronews-ը։
Լողի անցկացման համար Հունգարիայի մայրաքաղաքում գետի ամենաբանուկ հատվածներից մեկը՝ Կորվինուսի համալսարանի և Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարանի միջև, չորս ժամով փակել են նավագնացության համար։
Կազմակերպիչ Բալաժ Մեզյոշը Euronews-ին պատմել է, որ նման միջոցառման անցկացումը լուրջ նախապատրաստություն է պահանջում. մարզիկների անվտանգությանը հետևել են շուրջ 40 բուժաշխատող, իսկ ջրի վրա հերթապահել են 12 մոտորանավակներ։ Խոշոր նավերը նախապես դուրս են բերվել մեկնարկի և վերջնագծի գոտուց։
Լողը վեց տարվա մեջ առաջինն էր։ Մասնակիցներն ընդգծել են, թե որքան անսովոր էր հնարավորություն ունենալ լողալ Դանուբի այն հատվածով, որը սովորաբար անհասանելի է լողի համար՝ նավերի ինտենսիվ երթևեկության պատճառով։
Կազմակերպիչները հայտարարել են, որ ընտրված հատվածում ջուրը մաքուր է, իսկ հոսանքն ու հատակի ռելիեֆը վտանգ չեն ներկայացնում։ Մեզյոշը նշել է, որ հոսանքի արագությունը կազմում է մոտ 5 կմ/ժ, և միևնույն ժամանակ երթուղու վրա վտանգավոր հորձանուտներ չկան։
Generali OWT Danube Swim-ն անցկացվել է Generali Night Run մարզական փառատոնի շրջանակում, որը ներառում է մի քանի վազքային մրցատարածություններ Բուդապեշտի նշանավոր վայրերով։