Ռուսաստանը ոչ մեկին ոչինչ չի պարտադրելու, և եթե Երևանը համարում է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան Հայաստանին անհրաժեշտ չէ, ռուսական կողմը պատրաստ է հեռանալ «թեկուզ վաղը»։ Այս մասին Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը Ղրղզստան էր ժամանել՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, որի շրջանակում անցկացրել է մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Եթե Հայաստանը գտնում է, որ ռուսական բազան իրեն պետք չէ, մենք կհեռանանք թեկուզ վաղը։ Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրի։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ կողքին լինի ռուսական ռազմական թև, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- ընդգծել է Պուտինը։
Եվրամիությանն անդամակցելու մտադրությունն ու ապրանքաշրջանառությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցի ընթացքում ՌԴ նախագահն անդրադարձել է նաև Եվրամիությանը միանալու Երևանի հայտարարած մտադրությանը։ Պուտինի խոսքով՝ ինքը Փաշինյանի հետ բազմիցս է քննարկել այս հարցը թե՛ հեռախոսազրույցների, թե՛ առանձնազրույցների ընթացքում։
Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահը Ռուսաստանն անվանել է Հայաստանի հիմնական տնտեսական ու առևտրային գործընկերը՝ նշելով, որ ռուսական կողմին է պատկանում Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների շուրջ 30%-ը։
«Ընթացիկ տարվա (2026թ․) առաջին կիսամյակում երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2.5 միլիարդ դոլար»,- հայտնել է ՌԴ ղեկավարը։