Եվրոպայից Հայաստանի դարպասներ. ինչու ոչ ոք լուրջ չի ընդունում ՔՊ նախընտրական ծրագիրը

Փաշինյանի ներկայացրած նախընտրական ծրագիրը լուրջ չի ընդունվում քաղաքական համայնքի կողմից, քանի որ նա մի քանի տարի առաջ լրիվ հակառակ բան էր ասում։

Հետևաբար՝ կա ողջամիտ կասկած, որ մի քանի տարի անց այլ բան կասի՝ մարդկանց հավի տեղ դնելով։

Այսպես՝ 2020-ի հոկտեմբերի 30-ին նա ընդարձակ ասուլիս էր կազմակերպել՝ պատասխանել եվրոպական լրատվամիջոցների հարցերին, չբարեկամաբար արտահայտվել Թուրքիայի մասին, հանդիմանել Եվրոպային, որը չի տեսնում Թուրքիայի հակահայ, հակաքաղաքակրթական, հակաեվրոպական քայլերը։

«Թուրքիան այստեղ եկել է ոչ այնքան Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում Ադրբեջանին աջակցելու, որքան իր կայսերական քաղաքականությունը շարունակելու։

Այստեղ տեղի ունեցողը շարունակությունն է այն քաղաքականության, որ Թուրքիան վարում է Միջերկրականում՝ Հունաստանի, Կիպրոսի նկատմամբ, Լիբիայում, Սիրիայում և Իրաքում։ Եվ իմ արձանագրումը կրկին մեկն է՝ որ դա կայսերական քաղաքականություն է, որովհետև Հարավային Կովկասում, ըստ էության, հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ շարունակելու իրենց կայսերական քաղաքականությունը դեպի հյուսիս-արևելք և հարավ-արևելք։

Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը. եթե արևմտյան հանրությունը Թուրքիայի այս գործողությունները համարժեք գնահատականի չարժանացնի, ոչ հեռավոր ապագայում հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում»,- ասել է ՔՊ առաջնորդը, ապա հավելել. «Ես պետք է մտածեմ Երևանի, Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության մասին, Վիեննայի անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում, հետո թող հանկարծ չասեն՝ չզգուշացրեցինք»։

Այս խոսքն ուղղված էր Եվրոպային, զգուշացնում էր, որ Թուրքիան կարող է ներխուժել Վիեննա, այսինքն՝ ԵՄ։ Այս հանդիմանությամբ հանդես եկող Փաշինյանը, հավանաբար, ակնկալում էր, որ Եվրոպան կամաչի ու այնպիսի կոշտ միջոցներ կձեռնարկի Թուրքիայի դեմ, որ կկանգնեցնի 44-օրյա պատերազմը։

Լրիվ այլ դիրքորոշում է արտահայտում նա այսօր Թուրքիայի և Եվրամիության վերաբերյալ։ 2020-ին նա զգուշացնում էր, որ Եվրոպայի դարպասները փակեն Թուրքիայի առաջ։ Իսկ հիմա նա հայտարարում է, թե ուզում է բացել Հայաստանի դարպասները Թուրքիայի առաջ։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը համարվում է կենսական նշանակություն ունեցող տարածաշրջանային ուղղություն։

Միանգամից նկատենք, որ թե՛ 2020-ի հոկտեմբերի 30-ին արտահայտած, թե՛ ներկայում՝ ՔՊ-ի նախընտրական ծրագրում ներկայացրած դիրքորոշումները կտրված են քաղաքական ռեալությունից, կիսատ-պռատ, սիրողական մոտեցումներ են, որոնք կարող էր արտահայտել սկսնակ քաղաքական գործիչը, որը աշխարհաքաղաքականության, Հայաստանի քաղաքական օրակարգի մասին շատ սակավ գիտելիքներ ու տեղեկատվություն ունի։

Այս տպավորությունն էլ հակատրամաբանական է, քանի որ Նիկոլ Փաշինյանը, լինելով պետության բարձրագույն պաշտոնյան, չէր կարող այսքան սակավակիրթ ու ապատեղեկացված լինել ո՛չ 2020-ի հոկտեմբերի 30-ին, ո՛չ էլ առավել ևս հիմա։ Հետևաբար՝ ողջամիտ կասկած է ծագում, որ նա միտումնավոր էր ապաքաղաքական, անտրամաբանական, քաղաքական ռեալության հետ կապ չունեցող բաներ ասում։ Նույնպես՝ այսօր ողջամիտ կասկած կա, որ Փաշինյանը շարունակում է ապակողմնորոշել հասարակությանը, սակավակիրթ, անտեղյակ ձևանալ։

Օրինակ՝ Փաշինյանը կարո՞ղ է բացատրել, թե ինչո՞ւ էր 2020–2021-ին Թուրքիայի հանդեպ թշնամաբար վերաբերվում, իսկ հիմա՝ բարեկամաբար։ Ի՞նչ է փոխվել Թուրքիայում ու Հայաստանում այս ընթացքում։ Եթե ՔՊ-ական իշխանությունը հրաժարվում է Արցախից, Հայոց ցեղասպանությունը չի համարում արտաքին քաղաքական առաջնահերթություն և պատրաստ է ԹՐԻՓՓ-ով ճանապարհ տրամադրել Թուրքիային դեպի Ադրբեջան և Ասիա, ապա ինչո՞ւ է Թուրքիան շարունակում փակ պահել հայ-թուրքական սահմանը։ Ինչո՞ւ են թուրք պաշտոնյաներն ու քաղաքագետները ծիծաղում, երբ լրագրողները հայ-թուրքական սահմանի բացման մասին հարց են տալիս նրանց։ Նրանք Փաշինյանի վրա՞ են ծիծաղում, թե՞ հայ ժողովրդի։

Կամ շատ պարզ հարց. ինչպե՞ս են Գյումրի-Թուրքիա սահմանի երկաթգիծ կառուցելու ծրագրային կետն իրականացնելու, եթե ՀԿԵ-ի կոնցեսիան հետ չեն վերցնում, ռուսներն էլ մատը մատին չեն խփում։շ

Կարճ ասած՝ Թուրքիային ու Եվրոպային վերաբերող պարզ հարցեր են թևածում օդում Փաշինյանի ներկայացումից հետո։ Ինչո՞ւ ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու մասին օրենքն ընդունելուց հետո ոչինչ չեն անում այդ ուղղությամբ, նույնիսկ ԵՄ-ին անդամակցելու հայտ չեն ներկայացնում։

Նշենք, որ հայ-թուրքական սահմանը, ըստ էության, ՀՀ–ԵՄ մաքսային սահմանն է։ Այսինքն՝ բացելով Հայաստան–Թուրքիա սահմանը՝ ՀՀ տնտեսությունն էր բացվում եվրոպականի առաջ։

Փաշինյանն ինչքա՞ն կարող է անգործություն դրսևորել Հայաստանի իրական ապաշրջափակման հարցում։ Գուցե ի՞նքն է Էրդողանին խնդրում, որ հայ-թուրքական սահմանը փակ պահեն, որ ՀՀ տնտեսությունը ռուսական սայլին կապված մնա։

Թաթուլ Մկրտչյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *