Սան Ֆրանցիսկոյում տղամարդուն պատահմամբ աղբատար մեքենայի մեջ են բեռնել աղբի հետ միասին։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան՝ Թենդերլոյն շրջանում։ Անցորդները մեքենայի թափքից լսել են գոռոցներ և կանգնեցրել վարորդին։
Տեղական ժամանակով մոտ 04:10-ին այդտեղ են ժամանել ավելի քան 25 հրշեջներ։ KTVU FOX2-ի հաղորդմամբ, տղամարդն ամբողջովին թաղված է եղել աղբատարի ներսում գտնվող հսկայական աղբակույտի տակ։
Նախնական տվյալներով, տղամարդը գտնվել է աղբամանում, երբ Recology ընկերության վարորդը մոտեցել է այն դատարկելու և պարունակությունը լցրել մեքենայի մեջ։ Դրանից հետո վարորդը հասցրել է մեկ անգամ գործարկել սեղմիչը, նախքան հասկացել է, որ ներսում մարդ կա։ Առայժմ հայտնի չէ, թե տղամարդն ինչ վնասվածքներ է ստացել՝ ընկնելու պահին, սեղմիչի աշխատանքի հետևանքով, թե այն բանի պատճառով, որ հայտնվել է աղբի տակ թաղված։
Փրկարարները ավելի քան երկու ժամ ձեռքով քանդել են աղբը։ Նրանց հաջողվել է հասնել տուժածի ձեռքին և տեղադրել ներերակային համակարգ՝ դեղեր ներարկելու համար։ Մոտ 07:00-ին տղամարդուն վերջապես դուրս են բերել աղբատար մեքենայից և տեղափոխել հիվանդանոց։
Փրկության պահին նա գիտակցության մեջ է եղել։ Սան Ֆրանցիսկոյի հրշեջ ծառայության կապիտան Մարիանո Էլիասը պատմել է, որ տղամարդը «ամբողջ ընթացքում խոսում էր» փրկարարների հետ։ Նրա վնասվածքների ճշգրիտ բնույթի մասին դեռ չի հաղորդվում։
Ոստիկանությունը նախատեսում է հիվանդանոցում զրուցել տղամարդու հետ՝ պարզելու, թե նա ինչպես և ինչու է հայտնվել աղբամանի ներսում։
Տուժածին փրկելուց հետո Recology-ի աշխատակիցները շինտեխնիկայի օգնությամբ փողոցում մնացած աղբակույտը հեռացրել են և թափոնները բեռնել նոր տարայի մեջ՝ այս անգամ, ինչպես նշում են ամերիկյան լրատվամիջոցները, առանց ուղևորների։