Եգիպտացի հեռուստահաղորդավարուհի Սարա Խալիֆային և ևս 11 մարդու մահապատժի են դատապարտել թմրանյութերի գործով

Եգիպտացի հեռուստահաղորդավարուհի Սարա Խալիֆային և ևս 11 մարդու թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով դատապարտել են մահապատժի՝ կախաղանի միջոցով։

Պետական Al-Ahram թերթի տվյալներով, դատարանը նրանց ճանաչել է հանցավոր խմբավորման անդամներ, որը թմրանյութերի արտադրության համար բաղադրիչներ էր ներմուծում՝ հետագա վաճառքի նպատակով։

Մեղադրանքի վարկածով, խմբավորման անդամները նաև ապօրինի հրազեն և ռազմամթերք են պահել։

39-ամյա Խալիֆան հայտնի է որպես «Առաքելությունն անիրագործելի է» քրեական թեմատիկային նվիրված հաղորդման վարող։ Նա հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները։ Նրա փաստաբանը հայտարարել է, որ պաշտպանության կողմը մտադիր է բողոքարկել մահապատիժը։

Եվս ինը մեղադրյալներ ստացել են ցմահ ազատազրկում, յոթն արդարացվել են։

Դատավճիռը կայացվել էր դեռ անցյալ ամսին, սակայն վերջնականապես հաստատվել է միայն այն բանից հետո, երբ դատարանը ստացել է Եգիպտոսի մեծ մուֆթիի եզրակացությունը՝ մահապատիժ նախատեսող գործերով պարտադիր ընթացակարգ։

Քննության և դատական վարույթի ընթացքում իշխանությունները առգրավել են ավելի քան 750 կգ թմրանյութ և դրանց արտադրության համար նախատեսված հումք։ Al-Ahram-ի տվյալներով, դատախազությունը հենվել է նաև 20 վկաների ցուցմունքների և էլեկտրոնային ապացույցների վրա, այդ թվում՝ նամակագրության և տեսագրությունների։

Պետական Akhbar al-Youm թերթի տվյալներով, անցյալ տարվա սեպտեմբերին կայացած դատական նիստում Խալիֆան դատավորին ասել է, որ մինչև այդ երբեք թմրանյութ չէր տեսել և առաջին անգամ դրանք տեսել է այն ժամանակ, երբ իրեն դրանց հետ լուսանկարել են թմրանյութերի դեմ պայքարի վարչության շենքում։

Amnesty International-ի տվյալներով, 2025 թվականին Եգիպտոսում կայացվել է մահապատժի 492 որոշում, 23 մարդ մահապատժի է ենթարկվել։

Իրավապաշտպանները նշել էին, որ դատապարտվածների թվում եղել են թմրանյութերի առևտրի և բռնաբարության մեջ մեղավոր ճանաչված մարդիկ՝ հանցագործություններ, որոնք, միջազգային չափանիշների համաձայն, չեն դասվում «կանխամտածված սպանության» կատեգորիային, որի համար կարող է կիրառվել մահապատիժ, գրում է BBC News-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *