Կաբո Վերդեում դեռահասներով լի ավտոբուսն ընկել է կիրճը․ զոհվել է 25 մարդ

Առնվազն 25 մարդ, որոնց մեծ մասը դեռահասներ էին, զոհվել են Կաբո Վերդեի Ֆոգու կղզում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով։ Եվս մի քանի մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում է Notícias do Norte-ը։

Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ի երեկոյան՝ Շան-դաս-Կալդեյրաշի և Կամպանաս-դե-Սիմայի միջև ընկած լեռնային ճանապարհին։ Ավտոբուսը դժվարանցանելի քարքարոտ հատվածում դուրս է եկել ճանապարհից և ընկել խորը կիրճը։ Տեղական իշխանությունների տվյալներով, անկման բարձրությունը մոտ 30 մետր է եղել։

Ավտոբուսում հիմնականում ավագ դպրոցի աշակերտներ էին։ Նախնական տվյալներով, նրանք մեկնել էին էքսկուրսիայի, որն ամեն տարի կազմակերպում էր ավտոբուսի վարորդը։ Իշխանությունները շեշտում են, որ ուղևորությունը կազմակերպված չի եղել դպրոցների կողմից։

Փրկարարական գործողությունը չափազանց բարդ է եղել՝ լեռնային ռելիեֆի և վթարի վայրի դժվար հասանելիության պատճառով։ Տուժածներից ավելի քան մեկ տասնյակը տեղափոխվել է Սան Ֆրանսիշկու դի Ասիշ հիվանդանոց, նրանցից ոմանք ծանր վիճակում են։

Զոհվածներից մի քանիսի մարմինների վիճակի պատճառով յոթ մարմին ստիպված են եղել գրեթե անմիջապես հուղարկավորել։ Վթարի պատճառները դեռևս չեն հաստատվել։

Կաբո Վերդեի նախագահ Ժոզե Մարիա Պերեյրա Նևեշը տեղի ունեցածն անվանել է «մեծ աղետ»։ Կիրակի նա և իշխանությունների մյուս ներկայացուցիչները պետք է այցելեն Ֆոգու կղզի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *