Վլադիմիրի մարզում բեռնատարը հայտնվել է երկաթուղային գծերի վրա՝ էլեկտրագնացքի դիմաց․ վարորդը մահացել է

Ռուսաստանի Վլադիմիրի մարզում բեռնատարի վարորդը մահացել է այն բանից հետո, երբ դուրս է եկել երկաթգծի վրա և հայտնվել մոտեցող էլեկտրագնացքի դիմաց, հայտնում է РИА Новости-ն։

Տարածաշրջանային ՆԳՆ-ի նախնական տվյալներով, նա անտեսել է սեմաֆորի արգելող ազդանշանը։

Վթարը տեղի է ունեցել մոտավորապես 10:20-ին՝ Բելկովո կայարանում։ Բեռնատարը հայտնվել է գծերի վրա Ալեքսանդրով-1 — Օրեխովո-Զուևո №6429 էլեկտրագնացքի դիմաց։ Մեքենավարն արտակարգ արգելակում է կիրառել, սակայն բախումից խուսափել չի հաջողվել։

Վթարի հետևանքով էլեկտրագնացքի երկու վագոն դուրս են եկել ռելսերից, վնասվել է երկաթուղային ենթակառուցվածքը։ Ուղևորների և լոկոմոտիվային բրիգադի անդամների շրջանում տուժածներ չկան։

Բելկովո կայարանի շրջանում գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Հետևանքների վերացման համար դեպքի վայր են ուղարկվել երկու վերականգնողական գնացք, իսկ РЖД-ում ստեղծվել է օպերատիվ շտաբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *