Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղակայված House of Commons Library հետազոտական և տեղեկատվական ծառայությունը հրապարակել է զեկույց՝ «2026 թվականի Հայաստանի ընտրությունները. ի՞նչ է սպասվում երկրին» խորագրով։
Զեկույցը մանրամասն անդրադառնում է ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որդեգրած քաղաքականությանը, Ադրբեջանի, ՌԴ-ի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ երկրի հարաբերություններին և վերջին իրադարձություններին։ Ինչպես նշվում է, Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Հարավային Կովկասում՝ Թուրքիայի, Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև։ 1991 թվականին Հայաստանը ձեռք է բերել անկախություն, չնայած սահմանների վերջնական սահմանազատման հարցը դեռևս լուծված չէ։ 2026 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթանակ տարավ։ Հետևաբար, Փաշինյանի կողմից սահմանադրական փոփոխությունների, Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման, այդ թվում՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդման, Ադրբեջանի հետ խաղաղության և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերը շարունակվելու են։ Արդյունքում՝ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, կարծես, ավելի մասնատված և մարտահրավերներով լի կդառնան։
Ռուսաստանն առևտրային սահմանափակումներ է կիրառել Հայաստանի նկատմամբ և սպառնացել է դադարեցնել Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումը երկիր, եթե այն շարունակի առաջ մղել ԵՄ-ի հետ ավելի սերտ հարաբերությունները:
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), որը միավորում է Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը տնտեսական միության մեջ, սպառնացել է կասեցնել Հայաստանի մասնակցությունը՝ նշելով մնացյալ անդամ պետությունների տնտեսական անվտանգությանը սպառնացող վտանգները:
Ռուսաստանի առևտրային սահմանափակումները հանգեցրին նրան, որ ԵՄ-ն 2026 թվականի հունիսին հայտարարեց Հայաստանին 52 միլիոն եվրոյի աջակցության փաթեթի մասին: Այդ ֆինանսական օգնությունը կկազմի Հայաստանին 288 միլիոն եվրոյի աջակցության ավելի լայն փաթեթի մի մասը, որը կներառի նաև առևտրի խթանման միջոցառումներ և «համերաշխության միջոցառումներ», որոնք նախատեսված են Հայաստանի տնտեսական դիմադրողականությունն ամրապնդելու համար։
Արձագանքելով Հայաստանի վրա Ռուսաստանի տնտեսական ճնշման մասին ենթադրություններին՝ Բրիտանիայի ԱԳ նախարար Սթիվեն Դաութին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը «սերտորեն կհամագործակցի միջազգային գործընկերների հետ՝ ապահովելու համար, որ Հայաստանը լինի կայուն և կարողանա իր սեփական ապագան հետապնդել»։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը 2025 թվականի հոկտեմբերին հայտարարել էր, որ բարձրացնում է իր երկկողմ հարաբերությունների մակարդակը Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի հետ՝ հասցնելով ռազմավարական գործընկերության։
Երկարաժամկետ հեռանկարում, սակայն, շատ վերլուծաբաններ քիչ հավանական են համարում, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում էական խզում կլինի՝ հիմնականում այս համագործակցության բերած օգուտների պատճառով։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ զեկույցի հեղինակները նկատել են, որ չնայած խաղաղության համաձայնագիրը «նախաստորագրվել» է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Վաշինգտոնում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում է, որ Հայաստանի հետ խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ Հայաստանի սահմանադրությունում իրականացվեն փոփոխություններ։
ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունները դեռևս քննարկման փուլում են, սակայն Նիկոլ Փաշինյանը կարիք կունենա Հայաստանի խորհրդարանի ռուսամետ ընդդիմության աջակցության։
Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ նշվում է, որ ստեղծվել է TRIPP նախագիծը, որի գործնական մանրամասները դեռևս պետք է մշակվեն, և մարտահրավերները մնում են անլուծելի։ Նախագիծը նկարագրվել է որպես «դիվանագիտական միջնորդության ցուցադրություն և շոշափելի ռազմավարական շահույթ» ԱՄՆ-ի համար, որն ընդլայնում է իր տնտեսական և քաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում՝ միաժամանակ սահմանափակելով Ռուսաստանի և Իրանի մանևրային տարածքը։
Աշխարհաքաղաքական զգայունությունը վկայակոչելով՝ մեկնաբանները կասկածի տակ են դրել, թե արդյոք TRIPP-ը կդառնա՞ «կայունացնող ուժ, թե՞ նոր լարվածության կետ»։ Ինչպես խոստովանել է Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն Ջոն Հերբստը, «ԱՄՆ դերը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում աճում է», և դա տեղի է ունենում Ռուսաստանի հաշվին։