Չնայած առողջապահության նախարարության հորդորին՝ չօգտագործել Ծավի ծորակների ջուրը, գյուղի վարչական ղեկավարը բնակիչներին կոչ է անում չանհանգստանալ և «չխառնվել իրար»։ Պատճառն այն է, որ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետները Ծավի խմելու ջրի նմուշներում սնդիկի՝ թույլատրելի սահմանը գերազանցող պարունակություն են հայտնաբերել։
Այս պահի դրությամբ թունավորման կամ հոսպիտալացման դեպքեր չեն արձանագրվել, իրավիճակը վերահսկվում է։ Մինչև խնդրի պատճառը պարզելը՝ Կապանի համայնքապետարանը բնակիչներին մեքենաներով խմելու ջուր է մատակարարում։
Հայաստանի առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետների արձանագրած տվյալները Ծավում անհանգստություն են առաջացրել։
Ծավի բնակիչներից մեկը իր տան ծորակից հոսող ջրում մետաղական զանգված է նկատել և ահազանգել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»։ Բնակչի տնից վերցված ջրի նմուշի հետազոտությամբ պարզվել է, որ սնդիկի պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի շեմը։
Հաշվի առնելով ցուցանիշի բարձր մակարդակը, ինչպես նաև հանգամանքը, որ նախկինում կատարված քիմիական հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել՝ մասնագետները կրկնակի նմուշառում են արել չորս կետից՝ այդ թվում ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։
Սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով նույն ցուցանիշները կրկին արձանագրվել են։ Պատկան մարմինները զգուշացվել են, իսկ բնակիչներին հորդորել են նույնիսկ կենցաղային նպատակներով օգտագործել շշալցված ջուր։
Ներսես Խառատյանը Ծավի դպրոցում էր աշխատում, հիմա տեղափոխվել է հարևան Ներքին Հանդի դպրոց։ Այս գարնանը նրա ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։
«Անընդհատ ինքնազգացողությունս վատանում էր, բժիշկները չէին կարողանում ախտորոշել։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում էլի բավական երկար հետազոտությունից հետո ախտորոշեցին լեպտոսպիրոզ, որը ի հայտ է գալիս ջրի աղտոտվածությունից։ Նախազգուշացումներ եղան, որ ջուրը չօգատագործել, նմուշառումներ վերցրին ջրից, հետո հերքվեց, որ դա չէ իմ հիվանդության պատճառը»։
Չնայած հերքմանը՝ Ներսես Խառատյանը այդ օրվանից ավելի զգոն է դարձել։
«Լսելով առողջապահության նախարարության հայտարարությանը՝ համոզվեցի, որ հենց ջրի աղտոտվածությունից էի հիվանդացել»,-ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։
«Վախն ընկել է մեջս ու այդ օրվանից մինչև օրս չեմ օգտագործում գյուղի ջուրը։ Խանութից շշալցված ջուր եմ առնում, օգտագործում։ Բայց ես համոզված եմ, որ հիվանդությանս պատճառը ջուրն է եղել, քանի որ այդ ընթացքում ոչ մի այլ բան չեմ օգտագործել»։
Ծավում, սակայն, հարց է առաջացել՝ եթե խնդիրը ջրի մեջ է, ապա ինչո՞ւ այլ գյուղացիների ինքնազգացողության վատացում չի արձանագրվել։
Ծավի վարչական ղեկավար Արմեն Ալեքսանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում բնակիչներին հանգստացնում է։
«Ապեր, հլա հետազոտություններ են գնում, առայժմ ոչ մի բան չի կատարվում։ Խնդրում եմ մի քանի օր ոչ շուխուր արեք, ոչ էլ խառնվեք իրար։ Մենք հանգիստ ապրում ենք։ Վսյո։ Էսքանը։
-Իսկ թունավորման դեպքե՞ր․․
Հաջող, ոչ մի բան»։
Վարչական ղեկավարի այս գնահատականին զուգահեռ՝ առողջապահության նախարարությունը զգուշացնում է հնարավոր ախտանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկի։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ծավի բնակիչներին հորդորել է թուլության, գլխացավի, սրտխառնոցի, այտուցների, ձեռքերի դողի, մաշկի ցանավորման կամ ինքնազգացողության այլ վատթարացման դեպքում անհապաղ դիմել բժշկի։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի աշխատանքային խումբը մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանի ղեկավարությամբ Ծավում է։
Մինչև խնդրի պատճառը և կարգավորման տարբերակը պարզելը՝ կառավարությունը, Սյունիքի մարզպետի աշխատակազմն ու համայնքը պետք է ապահովեն գյուղի բնակիչներին անվտանգ ջրով։ Մեքենաներով խմելու ջուր է մատակարարվում բնակիչներին։ Անխափան գործում են նաև դպրոցն ու մանկապարտեզը։
armradio.am