ԱՄՆ-ը մերձերկրյա ուղեծիր է դուրս բերել տիեզերական տարածության վերահսկման համար նախատեսված զենք, հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մեյնկը, հայտնում է ամերիկյան մասնագիտացված Air & Space Forces Magazine պարբերականը։
«Մենք շարունակում ենք պատրաստվել փոփոխվող սպառնալիքներին, որտեղ էլ դրանք ի հայտ գան։ Այդ պատճառով ԱՄՆ-ն այժմ ուղեծրում ունի տեղակայված տիեզերքի վերահսկման զենք, որն ունակ է պաշտպանել մեր զինված ուժերը հակառակորդի թշնամական գործողություններից»,- ԱՄՆ-ի ռազմաօդային եւ տիեզերական ուժերի ասոցիացիայի համաժողովում հայտարարել է Մեյնկը։
Air & Space Forces Magazine-ը նշում է, որ սա առաջին դեպքն է, երբ ամերիկացի պաշտոնյաները ճանաչել են, որ ԱՄՆ-ն ունի ուղեծրում տիեզերական զենք ունի։ Մեյնկն ընդգծել է, որ իր այս հայտարարությունը մտածված է, իսկ ձեւակերպումները՝ «շատ մանրակրկիտ կշռադատված»։ Նա հրաժարվել է ուղեծրային զենքի մասին որեւէ մանրամասնություն հայտնել։
«Որքանով ես գիտեմ՝ ամերիկացի որեւէ պաշտոնյա նախկինում նման բան չի ասել։ Այժմ ԱՄՆ-ը ստիպված կլինի հաշտվել, որ չինացիներն ու ռուսները նույն բանն են անելու կամ ասելու։ Չեմ կարծում, որ դա բխելու է ԱՄՆ ազգային անվտանգության շահերից»,- անվտանգության, պաշտպանության և միջազգային ռազմաքաղաքական թեմաները լուսաբանող ամերիկյան Defence One-ին ասել է տիեզերական անվտանգության հարցերով փորձագետ Վիկտորիա Սեմսոնը։
Հարցին, թե ԱՄՆ-ն ինչպիսի սպառազինություն կարող էր տեղակայել տիեզերքում, նա ենթադրել է, որ դա կինետիկ՝ հարվածային զենք չէ, այլ ռադիոէլեկտրոնային պայքարի տիեզերական միջոց։