Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը բաց նամակ է հղել «Վեոլիա ջուր» ընկերությանը, որը ներկայացնում ենք ստորև․
««Վեոլիա ջուր» ընկերության հարգելի՛ ղեկավարություն,
Վերջին շրջանում Մասիս համայնքում ջրանջատումների հաճախականությունն ու տևողությունը հասել են այնպիսի մակարդակի, որն այլևս չի կարող դիտարկվել որպես սովորական կամ առանձին վթարների հետևանք։
Մեր համայնքի բնակիչները ամեն օր բախվում են ջրամատակարարման խափանումների՝ հաճախ առանց պատշաճ և ժամանակին տեղեկատվության։ Մարդիկ ստիպված են հարմարվել անորոշությանը՝ չիմանալով՝ երբ կվերականգնվի ջրամատակարարումը, ինչն է դարձել խնդրի պատճառը և արդյոք առկա է դրա լուծման հստակ ժամկետ։
Սա արդեն ոչ միայն տեխնիկական խնդիր է, այլև բնակիչների նկատմամբ մատուցվող ծառայության որակի և պատասխանատվության խնդիր։
Հասկանալի է, որ ջրամատակարարման համակարգում կարող են առաջանալ վթարներ կամ անհրաժեշտություն առաջանալ իրականացնելու վերանորոգման աշխատանքներ։ Սակայն անընդունելի է, երբ նման իրավիճակները դառնում են պարբերական, իսկ դրանց հետևանքների հիմնական բեռը կրում են բնակիչները։
Առավել մտահոգիչ է ջրահեռացման համակարգի վիճակը։ Բազմաթիվ դեպքերում բնակիչների բարձրաձայնած խնդիրներին պատշաճ և օպերատիվ արձագանք չի տրվում, և քաղաքացիները ստիպված են դիմել Մասիսի համայնքապետարան՝ ակնկալելով այնպիսի խնդիրների լուծում, որոնք իրենց բնույթով և պատասխանատվությամբ անմիջականորեն վերաբերում են ծառայություն մատուցող ընկերությանը։
Համայնքապետարանը չի կարող և չպետք է մշտապես հանդես գա որպես միջնորդ՝ բնակչի և ծառայություն մատուցող ընկերության միջև։
Բնակիչը պարտավոր չէ բազմաթիվ անգամ զանգահարել, դիմումներ ներկայացնել կամ խնդրի լուծման համար համայնքապետարանի միջամտությունը պահանջել, որպեսզի իրեն հասանելիք ծառայությունը պատշաճ կերպով մատուցվի։
Ուստի, Մասիս համայնքի բնակիչների անունից պահանջում եմ «Վեոլիա ջուր» ընկերությունից․
- անհապաղ միջոցներ ձեռնարկել Մասիս համայնքում ջրամատակարարման խափանումների հաճախականությունն ու տևողությունը էապես նվազեցնելու ուղղությամբ,
- ապահովել վթարների և տեխնիկական աշխատանքների օպերատիվ և որակյալ վերացում,
- ջրամատակարարման յուրաքանչյուր էական խափանման դեպքում բնակիչներին տրամադրել հստակ, ամբողջական և ժամանակին տեղեկատվություն,
- ապահովել ջրամատակարարման վերականգնման ժամկետների վերաբերյալ իրական և ճշգրիտ տեղեկություն,
- անհապաղ և պատշաճ արձագանքել ջրահեռացման համակարգի վթարներին ու խնդիրներին,
- վերանայել բաժանորդների ահազանգերին արձագանքելու գործող մեխանիզմները և բացառել քաղաքացիների անհարկի երկար սպասումները,
- համայնքապետարանին ներկայացնել Մասիս համայնքում առկա խնդիրների լուծման ուղղությամբ նախատեսվող կոնկրետ գործողությունների և ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն։
Մասիսի համայնքապետարանը պատրաստ է շարունակել համագործակցությունը և իր լիազորությունների շրջանակում աջակցել խնդիրների կարգավորմանը։ Սակայն համագործակցությունը չի կարող նշանակել, որ համայնքապետարանը պետք է մշտապես լրացնի ծառայություն մատուցող ընկերության աշխատանքի բացերը։
Մասիսի բնակիչները պահանջում են ոչ թե խոստումներ, այլ արդյունք։
Նրանք իրավունք ունեն ստանալու կայուն, պատշաճ և կանխատեսելի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություն։
Ակնկալում եմ «Վեոլիա ջուր» ընկերության կողմից ոչ թե հերթական ընդհանուր պարզաբանում, այլ կոնկրետ գործողություններ և տեսանելի արդյունք։
Համայնքի բնակիչների համբերությունը անսահման չէ, իսկ ջրամատակարարումը մարդկանց համար պարզապես ծառայություն չէ․ այն կենսական անհրաժեշտություն է»։