Ռուսաստանը մտադիր է պահպանել Հայաստանի հետ Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Մոսկվան ակնկալում է նույն մոտեցումը նաև Երևանից։
Նրա խոսքով՝ Հայաստանում ռուսական ռազմական կոնտինգենտի ներկայությունը կարգավորվում է համապատասխան համաձայնագրերով։ Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հնարավորությունը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Գյումրիի ռազմաբազան համարել է Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ՝ նշելով, որ դրա այլընտրանքն առայժմ չի տեսնում։ Ավելի վաղ իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը չէր բացառել ռազմաբազայի տեղակայման համար վարձավճարի բարձրացումը։